«Վաշինգտոնը եւ Պեկինը համաձայնության են եկել Ռուսաստանի հաշվին»

13-08-2022 10:39

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը ծրագրում է մեկնել Հարավարևելյան Ասիա և հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերին՝ Ինդոնեզիայի Բալի կղզում կայանալիք G20-ի առաջնորդների գագաթնաժողովի կամ Բանգկոկում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, և լինել առաջին դեմ առ դեմ հանդիպումը Բայդենի երդմնակալությունից հետո: Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ երկու առաջնորդները քննարկել են հնարավոր դեմ առ դեմ հանդիպումը վերջին հեռախոսազրույցի ժամանակ և պայմանավորվել են, որ իրենց թիմերը կկապվեն մանրամասների համար: Փորձագիտական հանրությունը գտնում է, որ Բայդեն-Ծինփին հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կարող է լինել Ռուսաստանի հարցը, որին Չինաստանը աջակցում է հռետորաբանության մակարդակում, գրեթե անվճար ներկրում է ռուսական հումքը եւ դադարեցնում է իր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների գործունեությունը Ռուսաստանում: Խոսք չկա ռազմական օգնության մասին, թեեւ Մոսկվան մեծ հույսեր էր կապում դրա հետ: Չինաստանը կանգնած է տնտեսական լուրջ խնդիրների առաջ, եւ ԱՄՆ հետ համագործակցությունը Պեկինի համար առանցքային նշանակություն ունի: Փորձագետների գնահատմամբ, ԱՄՆ-Չինաստան համաձայնությունների գինը կարող է լինել Ռուսաստանը, շատերն ավելի հեռուն են գնում եւ նշում, որ Վաշինգտոնն ու Պեկինն արդեն համաձայնության են եկել Ռուսաստանի հաշվին: Սին իշխանությունը պահպանելու խնդիր ունի, եւ ԱՄՆ հետ համաձայնությունները հնարավորություն կտան հաղթահարել որոշակի խնդիրներ:

Lragir.am,
13-08-2022 10:39