Մեկնարկեց «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը

13-08-2022 11:34

Օգոստոսի 12-ին «Առնո Բաբաջանյան» դահլիճում կայացած համերգով մեկնարկեց «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը: Ունկնդրին ներկայացան ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն ու դաշնակահար Անահիտ Դիլբարյանը: Դաշնամուրի և ֆագոտի հետաքրքիր համադրմամբ երաժշտական երեկոների հաճախ չենք ականատես լինում Երևանում: Փառատոնի բացման համերգի ընթացքում ներկայացվեցին Ալեքսանդր Թանսմանի, Պաուլ Հինդեմիթի, Կլոդ Դեբյուսիի, Հենրի Դյուտիյոյի, Անտոնիո Տոռիանիի ստեղծագործությունները: Իսկ Անտոնիո Տոռիանիի Դիվերտիսմենտը, որ գրված է «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով, Հայաստանում հնչում էր առաջին անգամ: Անահիտ Դիլբարյանը նշում է, որ Նիկոլայ Պողոսյանի հետ այս ձևաչափով համագործակցում է առաջին անգամ: Դաշնակահարուհին ֆագոտի և կլառնետի հետ ունեցել է համագործակցություն, և այդ տրիո գործակցությունն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի: Խոսելով Տոռիանիի Դիվերտիսմենտի մասին, երաժիշտն ընդգծում է, որ այն շատ հետաքրքիր հնչողություն ունի: Դաշնակահարուհին այս ստեղծագործությունը կատարում է առաջին անգամ և խոստովանում, որ իր համար շատ հետաքրքիր էր այդ գործն ուսումնասիրելը:  «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով), փառատոնի անցկացմանն աջակցում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳՄՍ-ն: Համերգաշարը կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը: Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն նաև աշխարհահռչակ երաժիշտներ: Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը:

Lragir.am,
13-08-2022 11:34