Գրող Սալման Ռուշդին դանակահարությունից հետո ծանր վիճակում է

13-08-2022 11:54

Գրող Սալման Ռուշդիին վիրահատությունից հետո միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին, ասել է նրա գործակալ Էնդրյու Ուայլին, հաղորդում է The New York Times-ի: Օգոստոսի 12-ին նրա վրա հարձակվել են Նյու Յորք նահանգում դասախոսությունից առաջ: Գործակալն ասել է, որ Ռուշդին, ամենայն հավանականությամբ, կկորցնի իր աչքերից մեկը: Բացի այդ, վնասվել են նրա լյարդը և մի ձեռքի նյարդային վերջավորությունները: Ոստիկանությունը պարզել է հարձակվողի ինքնությունը. Սա 24-ամյա Հադի Մաթարն է Նյու Ջերսիից, հայտնում է CNN-ը: Նա ցատկել է բեմ և դանակով հարվածել գրողի պարանոցին, մեկ անգամ՝ ստամոքսին: Միջոցառմանը ներկաները հարձակվողին գետնին են գցել, որից հետո նա բերման է ենթարկվել ոստիկանների կողմից: Ռուշդին հայտնի է «Սատանայական բանաստեղծություններով», որի պատճառով իսլամական աշխարհում նրան թշնամի են հայտարարել: Իրանի հոգևոր առաջնորդի ֆեթվայով նա մահվան է դատապարտված:

Lragir.am,
13-08-2022 11:54