HopShop և Text’n Pay Me ստարտափները Հայաստանը կներկայացնեն «Ձեռներեցության աշխարհի գավաթ» (EWC) միջազգային մրցույթում

13-08-2022 21:05

Հայաստանի ամերիկյան համալսարանում օգոստոսի 13-ին տեղի է ունեցել «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային փուլի եզրափակիչը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոռեկտոր Բրայան Ա․ Էլիսոնը, ՀԱՀ֊-ի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) տնօրեն Մայքլ Քուչակջյանը, Համաշխարհային ձեռներեցության ցանցի նախագահ Ջոնաթան Օրթմանսը: Հիմնական ելույթներից հետո տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Ինչպե՞ս արագացնել ստարտափ էկոհամակարգի հասունացման գործընթացը Հայաստանում» թեմայով, որին մասնակցել է նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը: Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 100 ստարտափ, որոնցից եզրափակիչ են անցել 12-ը: Ժյուրի անդամների քվեարկության արդյունքներով «Ձեռներեցության աշխարհի գավաթ» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնեն՝ HopShop և Text’n Pay Me ստարտափները: Մրցանակակիրները ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից դրամաշնորհի արժանացած ստարտափներից են: Ազգային եզրափակչի ժյուրիի կազմում էին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Հայկ Մարգարյանը, «Schellenberger Ventures GmbH»-ի սեփականատեր և գործադիր տնօրեն Քրիստիան Շելենբերգերը, «Strategic Value Ventures»-ի հիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանը, «Սերվիս Տիտան»-ի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանը: «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային կազմակերպիչը Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնն է (EPIC): Մրցույթի ազգային համակազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է: Ձեռներեցության աշխարհի գավաթը ստարտափ ոլորտի ամենամեծ մրցույթներից մեկն է: Մրցույթի առաջին՝ ազգային փուլը, իրականացվում է յուրաքանչյուր երկրում, այնուհետև հաղթողները անցնում են մրցույթի միջազգային փուլ: «Ձեռներեցության աշխարհի գավաթ (EWC) 2022» միջազգային մրցույթին  Հայաստանը մասնակցում է արդեն 2-րդ անգամ: Հատկանշական է, որ 2 տարի անընդմեջ Հայաստանը հնարավորություն է ստանում հեղինակավոր այս մրցույթի միջազգային փուլին մեկի փոխարեն ներկայանալ երկու ստարտափով:

Lragir.am,
13-08-2022 21:05