Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում ՀՀ բուհերին դրամաշնորհների տրամադրման մրցույթ

22-09-2022 18:10

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը, որի շրջանակում իրականացվում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) նոր շրջափուլը համապատասխան պայմաններին բավարարող ՀՀ բուհերի համար: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով ՀՀ բուհերին տրամադրվում են դրամաշնորհներ՝ նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: ՆՄՀ այս շրջափուլով բուհերին դրամաշնորհների տրամադրման գործընթացը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 31.08.2022 թիվ 1557-Ա/2 հրամանով հաստատված ՆՄՀ ղեկավար ձեռնարկով: ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը: ՆՄՀ նոր շրջափուլի համար հաստատված գերակա ուղղություններն են՝ հիմնարար գիտական, տեխնոլոգիական, ինժեներական, մաթեմատիկական (STEM-science, technology, engineering and mathematics): Ծրագրերի գիտություն-կրթություն-բիզնես եռանկյունու տրամաբանության մեջ ներկայացված լինելը կդիտվի որպես հայտի առավելություն: ՆՄՀ-ի միջոցներով ֆինանսավորվող ծրագրերի տեսակներն են. Կոնսորցիումային ծրագրեր, որոնք կնպաստեն սերտ համագործակցությանը` համատեղ ծրագրերի մեջ միավորելով պետական և ոչ պետական բուհերի, մասնավոր ձեռնարկությունների և կազմակերպությունների, գիտահետազոտական հաստատությունների, որոնք կարող են լինել ինչպես տեղական կազմակերպություններ, այնպես էլ օտարերկրյա: Կոնսորցիումը պետք է բաղկացած լինի առնվազն մեկ բուհից և մեկ գործարար ոլորտի և/կամ գիտահետազոտական ընկերությունից: Կոնսորցիումային ծրագրի շրջանակում տրամադրվող դրամաշնորհի գումարն առավելագույնը 500 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ է: Պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված են առանձին պետական բուհերի, այդ թվում՝ նրանց մարզային մասնաճյուղերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը` ռազմավարական զարգացման առաջնահերթությունների և կրթական ոլորտում նորարար լուծումների հիման վրա: Այս տիպի դրամաշնորհային ծրագրերը հասցեագրված են նաև մայրաքաղաքի և մարզային բուհերի միջև առկա մասնատվածության/անհամաչափ զարգացման խնդիրների լուծմանը: Տվյալ բուհի մարզային մասնաճյուղ(եր)ի դրամաշնորհային ծրագրում ընդգրկելը (եթե այդպիսիք կան), կդիտվի որպես առավելություն դրամաշնորհային ծրագրերի գնահատման ժամանակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուհի մասնաճյուղը չունի առանձին իրավաբանական անձի կարգավիճակ, բուհի մասնաճյուղը չի կարող առանձին հայտ ներկայացնել: Տրամադրվող դրամաշնորհի գումարն առավելագույնը 250 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ է: Ոչ պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված են ոչ պետական բուհերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը, կարողությունների զարգացմանը և նորարար ծրագրերի իրականացմանը: Փոքր բուհերի կոնսոլիդացիային նպաստելու և բուհերի միջև համագործակցությունը խթանելու նպատակով ոչ պետական բուհերը խրախուսվում են ներկայացնելու համատեղ ծրագրեր: Տրամադրվող դրամաշնորհի գումարն առավելագույնը 250 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ է: Դրամաշնորհային բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն 24 ամսվա ընթացքում: Ներկայացվող բոլոր ծրագրերի համար պարտադիր է հաստատության կողմից անհատական ծրագրերի համար առնվազն 15 տոկոս և կոնսորցիումային ծրագրերի համար 20 տոկոս համաֆինանսավորումը: ՆՄՀ նոր շրջափուլին հայտ ներկայացնելու համար բուհերը պետք է բավարարեն հետևյալ իրավասության չափանիշներին՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման կամ ինստիտուցիոնալ պայմանական հավատարմագրման առկայություն, հաստատված ռազմավարական ծրագրի (և/կամ բիզնես պլանի` կոնսորցիումի մասնակից համապատասխան կազմակերպությունների համար) առկայություն առնվազն ներկայացվող ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի տևողության համար, ինչը կերաշխավորի, որ դրամաշնորհային հայտում ներկայացված առաջնահերթություններն ու նպատակները համահունչ են ռազմավարական առաջնահերթություններին, ՆՄՀ դրամաշնորհառու հանդիսացած բուհերի համար՝ ՆՄՀ իրականացված դրամաշնորհային ծրագրի համար աուդիտի չփոփոխված եզրակացություն, ՆՄՀ դրամաշնորհառու չհանդիսացած բուհերի համար ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման բավարար արդյունքներ` ներկայացված հայտի փաստաթղթերի փաթեթում – ՆՄՀ դրամաշնորհային հայտում հիմնական հայտատու նշվող բուհերը հայտերի պատրաստման փուլում պետք է անցնեն ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգում: Ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքների նկարագիրը հասանելի է ստորև: Ստուգումը պետք է իրականացվի ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից ընդունելի աուդիտորների կողմից, որոնց ցանկը նույնպես ներառված է ստուգման աշխատանքների նկարագրում: Բուհերը հայտի պատրաստման ընթացքում պատասխանատու են տվյալ ցանկից որևէ ընկերությանը դիմելու, վերջինիս կողմից նշված ստուգումն անցկացնելու և արդյունքներն ըստ պատշաճի ստանալու համար: Այն բուհերի հայտերը, որոնք ստուգման արդյունքներով կստանան կատեգորիա Ա կամ Բ խմբի խնդիրներ և թերություններ արձանագրող հաշվետվություն, կդիտվեն իբրև ոչ իրավասու: Կատեգորիա Գ խմբի խնդիրները որևէ ազդեցություն չեն ունենա բուհի` հայտ ներկայացնելու իրավասության վրա, սակայն գնահատման ընթացքում տվյալ բուհը կխրախուսվի ուղղելու/կարգավորելու հայտնաբերված խնդիրները: ՆՄՀ նոր շրջափուլի դրամաշնորհային հայտերի գնահատման համար առանցքային է լինելու այն, որ ժամանակի մարտահրավերներին համապատասխան ծրագրային հայտերը պետք է ուղղված լինեն կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականության աջակցմանը, ինչպես նաև գենդերային հավասարակշռվածության և ներկայացվածության բարելավմանը՝ ձեռնարկելով քայլեր իգական սեռի ուսանողների ընդգրկվածության և պրոֆեսորադասախոսական կազմում վերջիններիս ներգրավվածության ուղղությամբ: ՆՄՀ-ին դիմելու համար դրամաշնորհային հայտի ձևը, ՆՄՀ ղեկավար ձեռնարկը՝ կից բոլոր հավելվածներով  (առդիր 1, առդիր 2, առդիր 4 /առդիր 2-ի հավելվածներ/ հավելված 1, հավելված 2-10, հավելված 5, հավելված 11, հավելված 12), ինչպես նաև բուհերի ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքային նկարագիրը, դրամաշնորհային ծրագրերի ընթացքում բողոքների կարգավորման մեխանիզմը և դիմելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://cfep.am/hy/announcements/item/2022/09/19/4087/: Դրամաշնորհային հայտ ներկայացնելու վերջնաժամկետը՝ ս.թ. նոյեմբերի 19-ը: Տվյալ ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի: Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ, հասցե՝ ք. Երևան, Ս. Վրացյան 73, կամ զանգահարել (010) 57-56-90, ներքին (52),(53),(54) հեռախոսահամարներով:

Lragir.am,
22-09-2022 18:10