Մտահղացումն` էքսպրոմտով, իրագործումն` իմպրովիզացիաներով․ Վարդավառի լիճը և հարակից զբոսայգին

22-09-2022 18:20

Վարդավառի լիճը (նախկինում, Ծով Արգիշտիի, Թոխմախան գյոլ, «Էրեբունի» լիճ) կառուցել`հիմնադրել է Արարատյան հայկական պետության արքա Արգիշտի Առաջինը մ.թ.ա. 782 թ.` Էրեբունի ամրոցը ջրով ապահովելու նպատակով; Մամռի և Աբուհայաթի ջրանցքներով Իլդարունի (Հրազդան) գետի ջուրը հասցվել է այս լիճը, ապա` տուֆակերտ խողովակներով հոսել է  Էրեբունի ամրոցի` Արին Բերդի ստորոտ: Շուրջ երեք հազար տարեկան այս ջրաշինական կառույցի` հուշարձանի չափերը մնացել են գրեթե անփոփոխ: Պարսից շահի Թոխմախան քրոջ պատվին Լիճը անվանվել Թոխմախան (կարճ` Թոխմախ գյոլ);  1965 թ., ճարտարապետ` Գուրգեն Մուշեղյանի նախագծով լճի ափերն ամրակալվել են, 1975 – 1985 թթ.` հատակը բետոնապատվել է, իսկ ափերը` քարով շարվել: Այժմ լիճը սնվում է ստորերկրյա ջրերով: 1991 թ. լճի արևմտյան ափին, կանգնեցվել է քարե կոթող` լճի մասին արձանագրությամբ: Վարդավառի լճին հարակից զբոսայգին խորհրդային տարիներին կոչվում էր Կոմերիտմիության այգի: Այգու գլխավոր մուտքի ուղղությամբ` զույգ պատերին հերոս կոմերիտականների արձանները կանգնեցնելու ծրագիրը չի իրագործվել և նախագծով կառուցված դրանց բազալտե պատվանդանները «թափուր» են; Ֆրանսիայի Լիոն քաղաքի նվիրաբերած միջոցներով զբոսայգին 2010 թ. բարեկարգվել է և անվանակոչվել`«Լիոնի այգի» և դարձել հարակից թաղերի բնակիչների հանգստի ու տարբեր մարզաձևերով պարապող և սկսնակ, և ճանաչված մարզիկների համար մարզման հարմարավետ վայր, հատկապես,  ամառային շոգ երեկոներին այն մինչև ուշ գիշեր բազմամարդ է: Ինչպե՞ս որոշում կայացվեց վերակառուցել թիավարողների «Լիոն» ակումբի մարզակայանը 1960-ից էլ առաջ, Վարդավառի լճում մարզվել ու մարզվում են ջրային մարզաձևերով զբաղվող խմբեր, անցկացվել են մրցումներ; 2010 թ. զբոսայգու բարեկարգման ժամանակ Թիավարության մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի մասնաճյուղը լճի արևմտյան ափին հարակից մասից տեղափոխվեց արևելյան ափի կենտրոնական մասում տեղակայված փրկարարական աշտարակի մոտ և բարեսրտորեն նրանց հատկացվեց հարակից շինությունները: 2012-ից մասնաճյուղն անվանակոչվեց «Լիոն» քաղաքի անունով: Ամռանը առավոտյան ժամերին լինելով Վարդավառի զբոսայգում՝ հետաքրքրությամբ դիտում էի «Լիոնի»  սաների մարզումները և երբեմն մի քանի րոպե կանգ առանում Աղի լճից ծանոթ, բարեկարգման աշխատանքների մասնակից ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ հավաքականի անդամ, այժմ հմուտ մանկավարժ ու փորձառու մարզիչ Միսակ Աղաբալյանի և նրա գործընկեր`1969-ին `19 տարեկանում նշանակված Հայաստանի թիավարության հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ սլալոմի չեմպիոն (1971 թ.),  այժմ`«Լիոն» մասնաճյուղի  ավագ մարզիչ Հարություն Ֆերանյանի մոտ, դիտում, թե նրանց լրջախոհ ու համեստ աշխատասեր սաներն ինչպես են ընդունում ու կատարում իրենց տրված հրահանգները: Իրենց գործին նվիրյալ այս մանկավաժներն իրենց բազմամյա մասնագիտական փորձը սաներին հաղորդելուց  բացի դաստիարակում են ապագա լավ քաղաքացիներ: Այս պատանիները իրենց բարեկրթությամբ արդեն առանձնանում են հասակակիցներից: Աղի լճի բարեկարգման աշխատանքների փորձը հանկարծ ինձ հուշեց բարեկարգել նաև «Լիոնի» մարզակայանը: Օգոստոսի 24-ին մարզիչներ Միսակին և Հարությունին հայտնեցի իմ մտադրության մասին: Այգին վարձակալած ընկերության տնօրենին տեղեկացնելուց հետո արագ անցանք գործի: «Լիոնի» մարզակայանի վերակառուցումը Կայանի տարածքն զգալի չափով ընդարձակեցինք, Հանեցինք հնացած փոքրիկ նստարանները կառուցեցի 2-րդ` հյուսիսային թևից հարթակ բարձրանալու աստիճանաշարը, հաղթողների «Պատվո պատվանդանը», նստարանների փոխարեն` հարթակի արևելյան գլխամասի ողջ երկարությամբ ընդարձակ բազրիք: Հողե հարթակը սալածածկելու համար օգտագործեցինք լճի արևելյան ափեզրի հին ճանապարհը ասֆալտապատելու ժամանակ դեն գցած բետոնե սալերը և նրանց կոտրտված մասերը: Դրանք տեղափոխեցինք տարբեր եղանակներով. ձեռքերով, գլորելով կամ քարշ տալով, մարզիչ Հարություն Ֆերանյանի ՌԱՖ ավտոմեքենայով; Մասնակցում էին մարզիչները, նրանց ավագ սաները, տվյալ պահին մարզաձողերի մոտ պարապող երիտասադներ: Փայլուն ձևով կատարված ծանր ու վտանգավոր աշխատանք Աշխատանքի ամենադժվար ու վտանգավոր փուլը, ձեռքերով բոնած, ավելի քան 150 կգ քաշով բետոնե սալերը 100-150 մետր տեղափոխելն էր: Այդ ծանր ու վտանգավոր աշխատանքը կատարվեց մեծ զգուշությամբ ու առանց շտապելու, քիչ-քիչ` մոտ երկու շաբաթ,  որպեսզի ոչ ոք, թեկուզ աննշան վնասվածք չստանար: Թող սնապարծություն չլինի, այդ փուլն իրականացվեց գերազանց` փայլուն ձևով: Սալերը տեղափոխելիս ուզում եմ նշել Վահե Ավագյանի ցուցաբերած եռանդն ու գործին լրջորեն ու սրտանց մոտենալը, (նա նաև անվճար կատարում է «Լիոնի» շինությունների ներսի բարեկարգման աշխատանքները), իսկ ավագ սաներից` Արմեն Հալաջյանին (մարզիչ` Միսակ Աղաբալյան)  և Ֆելիքս Գրիգորյանին (մարզիչ` միջազգային մրցույթների մրցանակակիր Տիգրան Շահվերդյան): Ծանր սալերը տեղափոխելուց հետո մեծ ջանքեր պահանջվեց խորդուբորդ տարածքի վրա դրանք այնպես հարթ շարելու, որ ջարդոտված մասերի միացումները`«կարկատանները», հասցվեր նվազագույնի, որպեսզի և հարթակի վերջնական տեսքը լիներ գեղեցիկ, իսկ կոտրտված տեղերը լցնելու համար քիչ ցեմենտ ծախսվեր: Կառույցի համար ցեմենտ և ավազ ձեռք բերվեց մարզիչներ Հ. Ֆերանյանի, Մ. Աղաբալյանի և Տ. Շահվերդյանի նվիրաբերած գումարներով; Ավագ  մարզիչ Հարություն Ֆերանյանը մոտ մեկ ամիս իր ՌԱՖ ավտոմեքենան մեզ ծառայեցրեց: Ամեն անգամ իր հետ բերած քարերի նոր խումբը, հանպատրաստից (էքսպրոմտ) նոր միտք էին հուշում ու իմպրովիզացիաների հնարավորության տալիս: Դրանց շնորհիվ  աշխատանքներն ավելի արագ ընթացան, կատարվածն էլ, կարելի է ասել, տպավորիչ ստացվեց; Բացի այդ, ամեն օր նա  սպասում էր մինչև օրվա վերջ և իր ավտոմեքենայով ինձ տուն հասցնում: Նրան` հատուկ շնորհակալություն; Այլ օգնողներ Աշխատանքի ընթացքում օգնելու ցանկություն հայտնեցին շատերը. առանձին դրվագներում մասնակցեցին Անդրանիկը (թաղապետարանի կոմունալ բաժնից),  քիքբոքսինգի Եվրոպական մրցումների ոսկե մեդալակիր, Երևանի բանկերից մեկում անվտանգության ծառայող Դավիթ Աղայանը, պատանի ըմբիշներ Արմենն ու իր ընկեր Արտյոմը, ԵՊՀ-ի ուսանող տնտեսագետ Մհերը, բռնցքամարտիկ Վահրամը, Ալիկը և այլք; Շնորհակալականներ ու բարեմաղթողներ ստացանք զբոսանքի եկած և՛ ծանոթներից,  և՛ անծանոթներից: Հուշաքար նահատակված մարզիկների հիշատակին Հարթակի սալապատումից հետո երբ համոզվեցի որ մարզակայանը տպավորիչ տեսք կունենա, Հարություն Ֆերանյանին հայտնեցի, որ մեր կատարած աշխատանքը նվիրենք` ընծայենք Մեր հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր մարզիկների հեշատակին և կառույցի մի անկյունում տեղադրենք հուշաքար: Այգու վարձակալը, այս մասին տեղեկանալով, նույնպես, դրականորեն արձագանքեց: Նորակառույցի բացումը «Լիոն» մարզակայանի բացումը կայացավ  2022 թ. սեպտեմբերի 21-ին: Մասնակցեցին Թիավարության մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Մելիք Սանթրոսյանը, ուսմասվար Նաիրա Սիմոնյանը, բժիշկ Վարդանուշ Զաքարյանը, մարզիչներ ու սաներ: Նախ` ներկաները  միմյանց շնորհավորեցին Հայաստանի Անկախության տոնի առթիվ, ապա «Լիոն» մարզակայանի կառուցման կապակցությամբ մարզիչներին ու սաներին շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ասաց մազադպրոցի տնօրեն Մելիք Սանթրոսյանը: Գոհունակության խոսքեր ասացին աշխատանքներին սրտանց ու մեծ եռանդով մասնակցած մարզիչներ Հարություն Ֆերանյանը, Միսակ Աղաբալյանը, նրանց գործընկեր Աշոտ Բարսեղյանը, ավագ սաներից Արմեն Սերյոգինը, Հայաստանի 2019-2022 թթ. առաջնությունների բազմակի չեմպիոն և մրցանակակիր Նարե Մարտիրոսյանը, զբոսայգու այցելուներից անգլերենի թարգմանիչ Գևորգ Սարյանը: *** Առաջիկայում աշխատանքները շարունակվելու են, որպեսզի զբոսայգու այս թևը նույնպես, աստիճանաբար, պատշաճ տեսք ստանա, ինչպես լճի դիմացի ափին հարող մասն է, իսկ այս փոքրիկ մարզակայանը զբոսայգում մարզվողներին և հարակից թաղերի բնակիչներին ծառայի որպես մշակութային, մարզական ու կրթական միջոցառումներ անցկացնելու բեմ (հարթակ), հավաքատեղի: Արտյուշ (Արթուր)  Խանջյան լրագրող, ռադիոֆիզիկոս, տ.գ.թ., հայկական պանթեոններ և հուշարձաններ ուսումնասիրող, ՀՀ պանթեոնների մասին օրենքի նախագծի, գրքերի ու սկավառակների, 100-ից ավելի հոդվածների հեղինակ,  2020-2022 թթ. Աղի  լճի ափերի ու շրջակայքի բարեկարգման  աշխատանքների նախաձեռնող և իրականացնող Լուսանկարները` հեղինակի [email protected]  

Lragir.am,
22-09-2022 18:20