Ավելի համառորեն ազգին համախմբելու և ոտքի հանելու լուրջ խնդիր ունենք

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը Պարոն Գինոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ու Արցախի դեմ շարունակական հարձակումները, ի՞նչ պետք է անել: Մեր անելիքները շատ են, ազգին առանց խուճապի մատնելու պետք է ոգեկոչել ու պայքարի հանել: Իսկ այսօր հակառակն է արվում՝ իբր «խաղաղության դարաշրջան» բացելու մոլուցքով: Այս տեսանկյունից կարծում եմ, որ ավելի համառորեն ազգին համախմբելու և ոտքի հանելու լուրջ խնդիր ունենք: Մի քանի ճակատով աշխատելու և Սփյուռքի ներուժը համախմբելու, նաև մեր դիվանագիտությունը հզորացնելու խնդիր ունենք: Երեսուն տարիների ընթացքում մենք երբեք չենք օգտվել մասնագետ դիվանագետներից: Այսինքն՝ նրանց 90 տոկոսը միշտ եղել են ուղղակի խնամի-ծանոթ-բարեկամ, ինչ-որ ուժերի մտերիմները: Եվ նույնը հիմա է կատարվում, այսինքն՝ ամենակարևոր երկրներում, որտեղ մեզ դիվանագիտություն է անհրաժեշտ, չունենք: Հետո էլ ասում ենք՝ ո՞նց եղավ, որ աշխարհը չի արձագանքում ադրբեջանական ագրեսիային, վայրագություններին: Հասկանո՞ւմ եք, թե ինչքան հզոր է ադրբեջանական դիվանագիտությունը, ինչպես են աշխատում իրենք, և մենք որտեղ ենք պարտվում: Վերջին հարձակումը տարբեր երկրների կողմից հասցեական դատապարտվեց, ինչ-որ բա՞ն է փոխվում: Մի քանի երկրներ դատապարտեցին Ադրբեջանին, բայց վստահաբար կարող եմ ասել, որ դա մեր դիվանագիտության շնորհքը չէ, այլ այդ երկրների՝ սեփական շահերին հետամուտ լինելու առաքելությունն է: Երեսուն տարի, հատկապես Արցախյան առաջին պատերազմից հետո, հայ զինվորի կրած հաղթանակները զրոյացվել են հենց ապիկար դիվանագիտությամբ, որը վաղուց պետք է ամրագրված ու հաստատված լիներ: Եվ մեր արտաքին քաղաքականությունը, և դիվանագիտությունը, մեղմ ասած, բարձունքի վրա չեն, այլ մի խորը փոս են փորել ազգի համար, որի միջից չենք կարողանում դուրս գալ: Եվ դրա պատճառը իշխանության, մեղմ ասած, ոչ ճիշտ կառավարումն է: Ամենաերևացող փաստը ռազմարդյունաբերության իսպառ բացակայությունն է, նաև դիվանագիտությունը, որը 30 տարի ուղղակի բացակայել է: Հայաստանի իշխանություններն օգնության համար դիմեցին Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, սակայն աջակցություն չեղավ, ինչպես և սպասվում էր: Այս օրերին պահանջ է ձևավորվում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից: Ի՞նչ պետք է անել: Չեմ կարծում, որ դիմողները վառ հույսեր ունեին, որ այդ օգնությունը լինելու էր: Իրականում ազգի առաջադեմ հատվածը բացարձակ զարմացած չէ, որ օգնությունը չկա: Եվ 2020 թվականից հետո միամտություն էլ չէ, ուղղակի հիմարություն է սպասել, որ այդ օգնությունը լինելու է: Այսինքն՝ ծիծաղելի են մեր հույսերը, որ կարող է Ռուսաստանից օգնություն լինել: Եվ ակնհայտ է, որ ռուսական լրատվամիջոցները բառացիորեն կրկնում են Բաքվի ինֆորմացիան: Սա էլ մեր նախորդ իշխանությունների՝ բոլոր նախագահների փորած փոսն է, և մենք դեռ պետք է կարողանանք հանդգնել դուրս գալ այդ փոսից: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը 5 տարով ընտրվել էր նախագահ, բայց 49 տարով ստորագրել էր պայմանագիր, որ ռուսական ռազմաբազան պիտի մնա Հայաստանում: Դու 5 տարով ես ընտրվելու, ի՞նչ գիտես հետո ով է գալու, ի՞նչ ուղղվածություն է ունենալու, ի՞նչ արտաքին կամ ներքին քաղաքականություն է վարելու: Կամ իր նախորդը «գույք պարտքի դիմաց» ծրագրով ռազմավարական օբյեկտները տվեց ռուսներին, և մենք ռազմավարական առումով ավելի շատ կախվածության մեջ ենք: Հիմա շատ հեշտ է ասել՝ դուրս եկեք ՀԱՊԿ-ից: Բայց հնարավո՞ր է դա, որքանո՞վ  է հնարավոր ու որքանո՞վ է ցավոտ լինելու: Ես կողմնակից չեմ, որ ստրկացած լինենք՝ ոչ Ռուսաստանին, ոչ ԱՄՆ-ին: Պետք է լինի մեծ հզոր դաշինք, ոչ ՀԱՊԿ, որն ընդամենը Ռուսաստանն է իր խամաճիկներով, որոնց կարողացել է ստիպել իր արբանյակը դառնալ: Բայց ընդհանուր առմամբ, Հայաստանը նախ պետք է հայամետ դիվանագիտություն վարի և կարողանա ինքն իր առաքելությունն ու ճանապարհն ունենալ: Նժդեհն ասում էր՝ պայմանագրերը ցույց են տալիս երկրների օրվա շահը և  կնքվում են օրվա շահից ելնելով: Դրանք չեն կարող գործել, երբ կողմերից մեկին այդ շահն արդեն չի բավարարում: Այդ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, որպես ձեռնաշղթա են՝ հագցված հայ ազգի, հայոց պետականության ձեռքերին: Դրանցով ամեն ամեն ինչ կապկվել է՝ սկսած տնտեսությունից մինչև ռազմարդյունաբերություն: Հիմա Ռուսաստանը նաև զենք չի տալիս Հայաստանին, դե գնացեք կռվեք: Այսինքն՝ երբ մենք ինչ-որ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, դա մեկը չէ, երկուսը չէ, և մենք ուղղակի պարալիզացված ենք, այստեղ շատ լուրջ հարց է ծագում՝ ինչքանո՞վ մեր հանդգնությունն արդարացված կլինի: Միանշանակ, պետք է չլինեինք ՀԱՊԿ մեջ, բայց հիմա, երբ ամբողջը կապկպված է, արդյոք մենք կկարողանանք այնտեղից դուրս պոկվել առանց մահացու հարվածների: Բայց որ հանդգնել պետք է և ընդհանրապես սեփական դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունն է պետք վարել, դա ակնհայտ է:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
22-09-2022 20:00