Ռուսաստանը կարող է զրկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքից․ այդ ժամանակ էլ Հայաստանի բանաձևը կարող է ընդունվել

22-09-2022 21:49

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, չօգտագործել վետոյի իրավունքը, բացառությամբ արտակարգ իրավիճակների: «Ռուսաստանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը, ցանկանում էր ոչնչացնել ինքնիշխան պետությունը՝ ներխուժելով նրա տարածք: Պուտինը հրապարակայնորեն սպառնացել է Եվրոպային միջուկային զենքով` բացահայտ անտեսելով միջուկային զենքի չտարածման ռեժիմի իր պարտավորությունները»,- ասել է Բայդենը: Նրա կարծիքով՝ Անվտանգության խորհրդի անդամները «պետք է ձեռնպահ մնան վետոյի իրավունքից օգտվելուց, բացառությամբ հազվադեպ արտակարգ իրավիճակների»: Մեկ օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առանձին անդամների վետոյի իրավունքը սահմանափակելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի նախագահն առաջարկել է մշտական անդամներին զրկել վետոյի իրավունքից, եթե նրանց մեղադրեն «զանգվածային հանցագործությունների մեջ»: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում տեսաֆորմատով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել պատժել սահմանների խախտումների համար՝ «այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով, ագրեսոր երկրի հետ առևտուրն արգելափակելու և նրան վետոյի իրավունքից զրկելու միջոցով»: Եթե Ռուսաստանը ճանաչվի ռազմական հանցագործություններ կատարած ագրեսոր երկիր (Բուչա, Իրպեն, Իզյում), ապա կարող է որոշում կայացվել նրան զրկել վետոյի իրավունքից: Հենց այդ ժամանակ Հայաստանը կարող է վերսկսել իր դեմ ագրեսիան դատապարտող բանաձեւի քննարկումները: Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստը չհանգեցրեց բանաձեւերի ընդունմանը` պայմանավորված Ռուսաստանի դիրքորոշմամբ, որը բացահայտ հայտարարեց, որ այդ հարցերի կարգավորումը պետք է տեղի ունենա ռուս-թուրքական «եռակողմի շրջանակներում»: Ռուսաստանը, փաստորեն, վետո է դրել Հայաստանի վերաբերյալ բանաձեւի ընդունման վրա: 2020 թվականի հոկտեմբերին Չինաստանը Ռուսաստանի խնդրանքով վետո է դրել Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա:

Lragir.am,
22-09-2022 21:49