21-ամյա աղջկանից 9000 դոլար հափշտակած տղամարդը Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալվել է

27-09-2022 15:57

Սեպտեմբերի 26-ի վաղ առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց: Տուժողը 21-ամյա աղջիկ էր: Նա աշխատանքից տուն վերադառնալիս էր եղել, երբ Լենինգրադյան փողոցի 318 շենքի շքամուտքում մի տղամարդ արցունքաբեր գազ էր փչել դեմքին ու հափշտակել դրամապանակը, որի մեջ, ըստ նրա՝ 9 հազար դոլար, 220 հազար դրամ, փաստաթղթեր ու բանկային քարտեր են եղել: Ահազանգով դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր: Տարածքային նախաքննական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Մալաթիայի քրեական հետախույզներին օպերատիվ միջոցառումների շնորհիվ հաջողվեց պարզել կասկածվողի ինքնությունը. Երևանի Թումանյան փողոցի բնակիչ, 30-ամյա տղամարդ էր: Նրան հայտնաբերելու միջոցառումներին միացան Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Համատեղ աշխատանքի արդյունքում 30-ամյա տղամարդը դեպքից ժամեր անց հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում, ձերբակալվեց ու տեղափոխվեց մայրաքաղաք: Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու տվել խոստովանական ցուցմունք: Անձնական խուզարկությամբ հափշտակված գումարի մեծ մասը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Lragir.am,
27-09-2022 15:57