ՀՖԿՍՊԻ-ն իրականացնում է մարզիկների արդյունավետության բարձրացման ծրագիր՝ սպորտային հոգեբանության առաջատար մեթոդների կիրառմամբ

28-09-2022 15:28

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն իրականացնում է ՀՀ հավաքական թիմերի մարզիկների արդյունավետության բարձրացման ծրագիր՝ սպորտային հոգեբանության առաջատար մեթոդների ներդրման և կիրառման միջոցով: Ծրագրի իրականացման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի մարտից: Աշխատանքի արդյունավետ իրականացման համար կազմվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած լավագույն պրակտիկ հոգեբաններից և հոգեֆիզիոլոգներից, ծրագրի ղեկավարից և համակարգողից: ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանի խոսքով՝ Հայաստանում սպորտային հոգեբանության կայացման խնդիրը բուհի ռազմավարական խնդիրներից է. «Հաշվի առնելով մարզիչների և մարզիկների հոգեբանական կրթվածության դերը մարզական ձեռքբերումների գործընթացում՝ անհրաժեշտ ենք համարել համակարգային մոտեցում ցուցաբերել տվյալ հիմնախնդրին»: Ծրագիրն իրականացվում է 4 փուլով․ կազմակերպչական, մարզիկների հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների ախտորոշման, մարզիկների և մարզիչների մարզման և մրցակցային գործընթացում անհրաժեշտ հոգեբանական առանձնահատկությունների շտկման, ձևավորման և զարգացման, իրականացված աշխատանքների ազդեցության գնահատման: Առաջին փուլում իրականացվել են կազմակերպչական աշխատանքներ՝ հանդիպումներ հոգեբանների, ֆեդերացիաների մարզիչների հետ: Մարզիչների հանդիպմանը ներկա են եղել ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, բուհի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը: Դավիթ Խիթարյանը ներկայացրել է բուհի առաքելությունը՝ ՀՀ-ում սպորտի զարգացման գործընթացում, սպորտային հոգեբանության՝ որպես առանցքային ճյուղի կայացման կարևորությունը: Լուսինե Ստեփանյանն էլ մարզիչներին ներկայացրել է իրականացվող ծրագրի առանձնահատկությունները, մարզիկ-հոգեբան, մարզիչ-հոգեբան համատեղ աշխատանքի արդյունավետության վերաբերյալ ժամանակակից մոտեցումները և սկզբունքները: Հոգեբանների հանդիպման ընթացքում ներկայացվել են մարզիչների և մարզիկների հետ աշխատանքի առանձնահատկությունները, նպատակները և իրենց առջև դրված խնդիրները: Ծրագրում ընդգրկվել էին օլիմպիական խաղերում բարձր արդյունքներ գրանցող ֆեդերացիաները: Ֆեդերացիաների մարզիչների հետ հանդիպումներն ընթացել են ընդհանուր խնդիրների վերհանման, աշխատանքը կազմակերպելու արդյունավետ ուղիների որոշման ուղղությամբ, ինչպես նաև օլիմպիական խաղերի հավակնող մարզիկների անունները հստակեցնելու նպատակով: Ծրագրի երկրորդ փուլում իրականացվել է մարզիկների հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական ախտորոշում՝ ապարատուրային և թեստային առաջադրանքների կիրառմամբ: Ախտորոշվել է մարզիկների սթրեսակայունության, ուշադրության կենտրոնացվածության և տեղափոխելիության մակարդակը, անձնային հատկությունների «Big five» ախտորոշման թեստը: Ապարատուրային մեթոդների կիրառմամբ ախտորոշվել է ֆիզիկական և հոգեհուզական լարվածության ցուցանիշները, սրտի ռիթմի փոփոխականությունը: Իրականացված հետազոտության հիման վրա կազմվել են անհատական հոգեբանական պրոֆիլներ, որոնք անհրաժեշտ են ինչպես հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական աշխատանքների բարձր արդյունավետության ապահովման, այնպես էլ համապատասխան հոգեբանի ընտրության համար: Ծրագրի երրորդ փուլում իրականացվել են մարզման և մրցակցային գործընթացում մարզիկների ու մարզիչների անհրաժեշտ հոգեբանական առանձնահատկությունների ձևավորման, զարգացման և շտկման աշխատանքները: Ծրագրի մշակման հիմքում ընկած է եղել այն գաղափարը, որ յուրաքանչյուր մարզիկի մարզական հաջողությունը պայմանավորված է նաև մարզիչի և թիմի առանձնահատկություններով: Ուստի, ծրագրում ներառվել է նաև մարզիչների համար խմբային թրեյնինգի ծրագիրը, որն ուղղված է մարզիչների կառավարչական և կազմակերպչական հմտությունների զարգացմանը, քոուչինգի հմտությունների ձևավորմանը և զարգացմանը, հուզական ինտելեկտի զարգացմանը, ինչպես նաև անձնային աճին: Թրեյնինգի նպատակն էր ձևավորել և զարգացնել վերոնշյալ հմտությունները և կարողությունները: Թրեյնինգը բաղկացած է եղել 12 հանդիպումից: Թրեյնինգի ավարտին մասնակից 6 մարզիչներին տրվել են հավաստագրեր: Ախտորոշման և անհատական աշխատանքների փուլին մասնակցել է 15 մարզիկ՝ 3 ազատ ոճի ըմբիշ, 3 հունահռոմեական ոճի ըմբիշ, 2 մարմնամարզիկ, 3 հրաձիգ, 1 ձյուդոիստ, 3 բռնցքամարտիկ: Մարզիկների հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների ախտորոշման հիման վրա դուրսբերված հոգեբանական դիմանկարները հիմք են հանդիսացել մարզիկների հետ հոգեբանական ու հոգեֆիզիոլոգիական աշխատանքների անհատական պլանների ձևավորման համար: Վերոնշյալ աշխատանքները կրում են շարունակական բնույթ և կավարտվեն դեկտեմբերին: Ծրագրի շարունակականության ապահովման դեպքում, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է 2024-ին կայանալիք օլիմպիական խաղերով, ինչպես նաև մարզիկների մրցակցային առավելությունների հոգեբանական բաղադրիչի ձևավորման և զարգացման համար անհրաժեշտ ժամանակով, աշխատանքները կշարունակվեն նաև 2023 թվականին: Ծրագրի ավարտին կիրականացվի հոգեբանական և հոգեֆիզիլոգիական անհատական աշխատանքների գնահատում՝ համալիր թեստերի կիրառմամբ: ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Lragir.am,
28-09-2022 15:28