Խոակին Կապառոսն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

29-09-2022 15:53

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները: Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը: Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի Հանրապետության համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքը մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ և բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար: Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի Լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝  9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ Աշխարհի Գավաթի որակավորման փուլում՝ հիանալի էմոցիաներ պարգևելով երկրպագուներին: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավարությունը, Խոակին Կապառոսի հետ համատեղ աշխատած անձնակազմը ևս մեկ անգամ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում իսպանացի մասնագետին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթում հետագա կարիերայի ընթացքում:

Lragir.am,
29-09-2022 15:53