Պուտինի քայլը մահացող կայսրության հոգեվարքի դրսևորում է․ ուկրաինահայ վերլուծաբան

Վլադիմիր Պուտինի քայլը մահացող կայսրության հոգեվարքի դրսևորում է: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է Ուկրաինայի տարածքների՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանին բռնակցելու որոշումը: Մարատ Հակոբյանի խոսքով՝ այսպիսով Պուտինն ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեց իր ոչ ադեկվատ էությունը: «Նրանք նույնիսկ չեն հասկանում, որ իրենց զինվորը չի կարողանում կռվել, զենք չունի, ի՞նչ միջուկային զենքի մասին են խոսում: Իրենք վստա՞հ են, որ միջուկային զենք ունենք: Իրենք սովորական զենք ունեն՝ 1950-60-ականների, որը չի դիմանում ուկրաինական զորքի այսօրվա հարվածներին: Մարդիկ ապրում են հորինված իրականության մեջ, որն աշխարհի համար գոյություն չունի: Աշխարհը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Ուկրաինան հայտարարել է, որ պետք է ազատագրի բոլոր տարածքները: Այդ ընթացքում մեռնող կայսրությունն ինչ էլ որոշի, դա արդեն ոչ ոքի հետաքրքիր չէ: Դա խռխռոց է, Պուտինն այն վիճակում չէ, որ իրական որոշումներ կայացնի: Հնարավոր է՝ դա ներքին լսարանի համար արված քայլ է, որովհետև չափազանց աբսուրդ է, իրականության հետ կապը լրիվ կորցրել են»,- ասաց Մարատ Հակոբյանը: Նրա խոսքով՝ վերոնշյալ տարածքների ազատագրման ուղղությամբ ուկրաինական բանակը հենց այսօր գործողություններ է իրականացնում: «Եվ ռուսները երկու տեղում շատ մեծ շրջափակման մեջ են գտնվում: Հետևաբար, ՌԴ այդ հայտարարությունները իրականության հետ կապ չունեն, իրենք նույնկերպ կարող էին ասել, որ լուսինն են հայտարարում իրենց տարածք»,- հավելեց նա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
30-09-2022 18:04