Եկել ենք այն եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով. Նիկոլ Փաշինյան

30-09-2022 20:40

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, թե այն գաղտնի է պահվում: Պարզապես նախորդ պատերազմի փորձը հաշվի առնելով՝ որոշում է ընդունվել նահատակների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե սահմանային վերջին բախումներից շուրջ 15 օր անց ինչու դեռ չեն հրապարակվել ՀՀ Զինված ուժերի՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված զինծառայողների անունները: «Նաև 44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով՝ մենք եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների՝ մեր նահատակների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Դա զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, և անունները հրապարակվում է այնտեղ: 44-օրյա պատերազմի զոհերի անունների ամբողջական ցանկը նույնպես հրապարակվել է այնտեղ, և մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը: Բայց զոհերի անունների ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ դա գաղտնի է պահվում, որովհետև նույնականացված զոհերի ընտանիքները, բնականաբար, տեղեկացված են: Նաև հաշվի առնենք, որ կան մարմիններ, որ պետք է նույնականացվեն վերջնական», – պարզաբանեց վարչապետը: Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, ցավոք, դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել, նույնիսկ եղել է դեպք, երբ հարազատները վիզուալ ճանաչել են, բայց հետո ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել: «Այդ պատճառով, նման թյուրիմացություններից խուսափելու համար ճիշտ է, որ կա գործող օրենքով սահմանված ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը պետք է հրապարակի այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են», – հավելեց կառավարության ղեկավարը:

Lragir.am,
30-09-2022 20:40