Ես մասնակցում եմ Ուկրիանայի պատերազմին՝ հասկանալով, որ սա նաև Հայաստանի ազատագրական պատերազմն է

30-09-2022 22:02

Lragir.am-ի զրուցակիցն է Ուկրինայի Խմելնիցկի մարզի հայ համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը Պարոն Ավագյան, ի՞նչ իրավիճակ է Ուկրաինայում, վերջին շրջանում ուկրաինական բանակն ակտիվ հակահարձակողական գործողություններ է իրականացնում՝ ազատագրելով երկրի տարածքները: Ինքս առաջին իսկ օրերից հակահարձակողական գործողությունների մասնակից եմ եղել՝ բժշկական ստորաբաժանման կազմում: Օգոստոսի վերջից ռուս-ուկրաինական պատերազմը նոր փուլ է մտել, այսինքն՝ մենք մուտք ենք գործել հակահարձակման փուլ: Շատ բարեհաջող ու արագ՝ մոտ երկու շաբաթվա ընթացքում, ազատագրել ենք Խարկովի մարզը: Հիմա էլ Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի, Նիկոլաևի, Դոնեցկի մարզերի ուղղությամբ ընթանում են ուկրաինական բանակի հակահարձակողական գործողությունները: Եվ ուկրաինական բանակը վստահ քայլերով մեկը մյուսի հետևից ազատագրում է բնակավայրերը: Դրա հետևանք էր Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան: Ռուսաստանը պնդում է, որ իբր ընդամենը 5-6 հազար զոհ ունի, բայց դա ուղղակի աբսուրդ է, քանի որ 5-6 հազար զոհ ունենալու դեպքում հաստատ զորակոչ չեն հայտարարում: Ուկրաինական կորուստները ռուսական լրատվամիջոցներում գնահատում են մոտ 50-60 հազար: Այսինքն՝ եթե պաշտպանվող կողմը կորցնում է 50-60 հազար մարդ, հարձակվող կողմը հաստատ երեք անգամ ավելի է կորցնում: Ռուսական հեքիաթները ոչ մեկին այլևս հետաքրիր չեն: Ուկրաինական բանակն այսօր վստահ քայլերով ազատագրում է իր տարածքները, իսկ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու ամերիկյան ծրագիրը, համաձայն որի՝ մի քանի անգամ կավելանա Ուկրաինային զենք-զինամթերքի մատակարարումը: Եվ եթե աշխարհաքաղաքական պայմանները չստիպեն հետաձգել պատերազմը, չպահանջեն այլ սցենար, շատ արագ՝ մինչև Նոր տարի պատերազմը կավարտվի Ուկրաինայի հաղթանակով: Եվ մեզ միայն ռազմի դաշտում տարած հաղթանակը հետաքրքիր չէ, կարևոր է նաև, թե ինչ է լինելու հետո: Այսինքն՝ ի՞նչ է լինելու Ռուսաստանի հետ և ինչպե՞ս  հաղթել Ռուսաստանին, որ 10 տարի հետո չկրկնվի այս նույն աղետն ու ցեղասպանությունը: Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան ի՞նչ է փաստում: Սրանք Ռուսաստանի ճարահատյալ քայլերն են, որպեսզի կարողանա վերականգնել իր ուժերը: Բայց փաստորեն մոբիլիզացիայի որոշումը ցույց տվեց, որ ռուս հասարակությունը պատրաստ չէ և չունի պատերազմի կարիքը: Ռուսաստանի քաղաքացիները գտնում են, որ պատերազմի դաշտում անելիք չունեն, որովհետև իրենց երկրի նկատմամբ չկա ագրեսիա, հարձակում և չկա իրենց երկիրը պաշտպանելու խնդիր: Իրենք պետք է դառնան ագրեսոր և մտնեն հարևան պետություն, մարդասպանությամբ զբաղվեն: Դրա համար էլ մարդիկ Ռուսաստանից հարյուր հազարներով փախչում են: Եվ ես կարծում եմ՝ սա Ռուսաստանի քաղաքական ռեժիմի կրախի սկիզբն է, եթե, իհարկե, ռուս հասարակությունը ժամանակին ուշքի չգա: Եթե ռուսներն ուշքի չգան, շատ արագ մոտենալու են պետականության կորստին: Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժյեի և Խերսոնի շրջանների անկախությունը ճանաչելու մասին: Նաև 4 օկուպացված տարածքներ՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի կազմ ներառելու մասին համաձայնագրեր է ստորագրում: Ինչպե՞ս եք գնահատում սա: Ես աշխարհում չգիտեմ մի հասարակություն, որն այսօր Ռուսաստանի գործողությունները լուրջ է ընդունում: Ծիծաղի առարկա են դարձել աշխարհով մեկ և շարունակում են այս բեմադրությունը, չգիտեմ ում համար են անում: Խնդիրն այն է, որ իրենք մի տեղ հանրաքվե են իրականացնում, երեք օր հետո ուկրաինական բանակի կողմից այդ տարածքն ազատագրվում է: Այսօր հանրաքվե ես արել, մեկ շաբաթ հետո ազատագրելու ենք այդ նույն քաղաքները: Ինձ թվում է՝ Պուտինը ներքին լսարանի համար է այս ամենն անում՝ մարդկանց ուշադրությունը շեղելով զորահավաքից: Այս հակահարձակումը կոծկելու համար ինչ-որ հանրաքվեներ, շինծու բեմադրություններ է անում: Երևի այս ամենը պետք է, որպեսզի ռուսաստանյան հասարակությունն ի վերջո հասունանա, որովհետև բազմամյա քարոզչությունը լուրջ բույն է դրել ռուսաստանցիների ուղեղներում: Երևի ավելի կտրուկ քայլեր են պետք, որ Ռուսաստանի ժողովուրդը սթափվի: Ռուսաստանի հայ համայնքին ի՞նչ կոչ ունեք, ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անեն նրանք: Այս օրերին հայերից շատերը նույնպես խուսափում են մոբիլիզացիայից՝ նաև լքելով երկրի տարածքը: Մոբիլիզացիա հայտարարելու առաջին իսկ օրվանից մենք մոնիթորինգ ենք անում, թե ինչ քանակությամբ հայեր են Ռուսաստանի կողմից մասնակցում պատերազմին: Մենք բաց քննարկման մեջ ենք եղել Ռուսաստանի հայերի միության հետ, բայց ընդհանուր եզրեր չգտանք: Մեր քննարկման թեման հենց այն էր, որ ռուսաստանաբնակ մեր ազգակիցները հասկանան, որ Ուկրաինայում մենք մեր տան համար ենք պատերազմում, իսկ իրենք ագրեսոր են, մտնելու են մեր տուն: Եվ ճիշտ չի լինի, եթե հայը հայի դեմ դուրս գա, մեզ համար ցավալի է ցանկացած հայի կորուստ: Այդ աշխատանքները մինչև այսօր էլ տարվում են, ունենք թեժ գիծ: Ուկրաինան, ի տարբերություն Ռուսաստանի, իրավական պետություն է և արել է հայտարարություն, ըստ որի՝ ռուսաստանաբնակ բոլոր անձինք, ովքեր ստիպված են մասնակցել պատերազմին՝ հակառակ իրենց կամքի, հնարավորություն ունեն տարբեր ճանապարհներով գերի հանձնվելու: Եվ պետությունը երաշխավորում է, որ այդ գերությունը կձևակերպվի ոչ թե կամավոր հանձնվել, այլ ձևակերպվելու է, որ մարտական իրավիճակներում գերի ենք վերցրել: Մենք հասկանում ենք, որ կամավոր գերի ընկնելու դեպքում Ռուսաստանում իրենց պատասխանատվության կենթարկեն: Իսկ եթե հայ մարդը չի վստահի ուկրաինական պետությանը և կուզենա ավելի վստահելի ճանապարհով հանձնվել, կա Ուկրաինայի հայ համայնք, որը ներգրավված է այս գործընթացի մեջ: Մենք արդեն ունենք նշանակած մարդիկ, ովքեր զբաղվելու են այդ հարցերով: Խոսքն անտեղի չկոտորվելու մասին է, որովհետև այսօր երեք օրվա պատրաստվածության մարդուն Ուկրաինայում գերի են վերցնում: Պատկերացրեք, թե ինչ է նշանակում ռուսական զորակոչ, եթե մարդուն նույնիսկ մեկ ամիս չեն պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար: Նրանց քանակ է պետք, իսկ այդ քանակը դառնում է թնդանոթի միս: Ոչ զենք կա, ոչ զորք կա, եթե կա քանակություն, դա դեռ որակ չէ: Ես ինքս ականատես եմ եղել, թե ազատագրված տարածքներում ինչ քանակությամբ զենք-զինամթերք են թողնում ռուս զինվորներն ու ինչ արագությամբ են փախչում, ինչ վայրագրություններ ու փնթիություն են իրենց հետևից թողնում: Ես ուզում եմ շեշտել, որ Ուկրիանայում ապրող հայերը կանգնած են Ուկրաինայի պաշտպանության համար: Սա մեր երկրորդ հայրենիքն է, մենք երբեք ապերախտ չենք եղել: Եվ Ուկրաինայի հաղթանակով որոշվելու է ռուսական լծից Հայաստանի ազատագրման հարցը: Հայաստանի անկախության պահպանումն ուղղակիորեն կապված է Ուկրաինայի ճակատում հաղթանակից: Ես կոնկրետ մասնակցում եմ Ուկրիանայի պատերազմին՝ հասկանալով, որ սա նաև Հայաստանի ազատագրական պատերազմն է:

Lragir.am,
30-09-2022 22:02