ՀՀ-ն պատրաստել էր տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հետ կապված նախագիծ, որը հրաժարվել է ստորագրել Ադրբեջանը. վարչապետ

30-09-2022 22:12

ՀՀ-ն պատրաստել է տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հետ կապված նախագիծ, որը հրաժարվել է ստորագրել Ադրբեջանը: Խաղաղության պայմանագրի մասով որևէ փաստաթուղթ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տված հարցազրույցի ընթացքում: «Շատ է քննարկվում, որ վայ ստորագրել է, վայ ստորագրելու է, վայ կստորագրի՞, թե՞ չի ստորագրի, տպավորություն է ստեղծվում, թե ստորագրման նախապատրաստված ինչ-որ փաստաթուղթ կա, և հիմա խնդիրը այս վիճակում է՝ ստորագրե՞նք, թե՞ չստորագրենք: Եթե այդպես լիներ, բավականին լավ կլիներ: Խնդիրը նրանում է, որ այսօր սեղանին, որևէ փաստաթուղթ չկա, որովհետև եթե լիներ, դա կլիներ շատ լավ, որովհետև դա կնշանակեր, որ մենք աշխատանքի արդյունքում կարողացել ենք հասնել մի տեքստի, որի շուրջ մտածելու բան կա՝ ստորագրե՞նք, թե՞ չստորագրենք: Խնդիրը նրանում է, որ թուղթ չկա սեղանին: Իսկ եթե նախագիծ կա, ապա դրանք մեր կողմից են նախապատրաստվել տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հետ կապված : Բնականաբար, եթե մենք այդ նախագծերը ստեղծել ենք, պատրաստ էինք ստորագրել: Ցավոք, դա պատրաստ չէր ստորագրել Ադրբեջանը: Եվ մենք շարունակում ենք աշխատել, փորձելով մեզ համար ընդունելի այնպիսի տեքստեր գտնել, որը ընդունելի կլինի նաև դիմացինին»,- նշեց վարչապետը:

Lragir.am,
30-09-2022 22:12