Չարժե այդքան տխրել, սա դեռ Հաագան չէ, պարոնայք ռուսներ

30-09-2022 23:21

Պուտինի եւ Ուկրաինայի բռնակցված տարածքների կրիմինալ «ղեկավարների» արհեստական ժպիտների ֆոնին, Կրեմլում այդ տարածքների բռնակցման ակտի մասնակից ռուսական վերնախավի ներկայացուցիչների դեմքին ուրախություն չկա, իսկ ոմանք պարզապես սուտմեռուկ են տվել: Չարժե այդքան տխրել, պարոնայք ռուսներ, սա դեռ Հաագան չէ, եւ չարժե ձեւ անել, թե անմասն եք այս ամենին: Ինչպես Ուկրաինա ներխուժման նախօրեին: Ռամզան Կադիրովը, ով հրաժարվեց մոբիլիզացիա անցկացնել իր երկրում, արտասվելով անրջում է անկախ Իչկերիա, որը սարերի հետեւում չէ: Իսկ Սոբյանինը Ռուսաստանի մայրաքաղաքը տեսնում է հայրենի Խանտի Մանսիսյկում: Դա էլ սարերի հետեւում չէ, որովհետեւ Մոսկովիայի հեռանկարն անգամ արդեն պատրանքային է թվում, իսկ որպես ուլուս թուրքերի տակ հեռանկարն՝ առավել առարկայական:     Պուտինյան կլեպտոկրատիայի համար Հաագան էլ կարող է երանելի թվալ, երբ Ուկրաինայից նահանջից հետո կլեպտոկրատիայի ֆաշիստական քարոզչությամբ դեգրադացված խորքային ժողովուրդը եւ ֆրոնտից մազապուրծ զինվորները հաշիվ պահանջեն: «Ռուսական դաժան ու անիմաստ բունտ» հայտնի բնութագրումն այս անգամ կարող է համարժեք չհնչել: Ռուսաստանը դարձել է ռուսական ֆաշիզմի ու կայսերականության համատեղման պուտինյան կլեպտոկրատիայի փորձերի զոհը: Միաժամանակ, ինքը կլեպտոկրատիան անխուսափելիորեն դառնում է իր իսկ փորձերի զոհը, առայժմ լսելով իր առաջնորդի մառազմատիկ դատողությունները, ԽՍՀՄ-ը չվերականգնելու խոստումը՝ բանակցություններ մուրալով: Հայաստանի դեմ արշավը չափազանց ծանր է արժենալու Ռուսաստանին․ Ռուսաստանի հետ տեղի է ունենալու այն, ինչ նա ծրագրել է Հայաստանի դեմ: Առանց որեւէ հեռանկարի: Մեկը մյուսի ուղիղ հետեւանքն է:

Lragir.am,
30-09-2022 23:21