Հաստատվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմկոմիտեն

04-10-2022 14:19

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հավանության է արժանացել Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշման նախագիծը: Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թվականի օգոստոսին: Խաղերը պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծվել է կազմկոմիտե, որի նախագահը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է: Կազմկոմիտեի կազմում ընդգրկվել են նաև ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի Գյումրիում, իսկ խաղերը կանցկացվեն Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում: Փակման արարողությունը տեղի կունենա Երևանում: Գյումրին 8-րդ խաղերի բացման արարողության մայրաքաղաք է ընտրվել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի միաձայն որոշմամբ: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ՝ ոսկե, արծաթե և բրոնզե: ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Lragir.am,
04-10-2022 14:19