Կրեմլից հիստերիկ արձագանք հայկական արտահոսքերին

05-10-2022 09:54

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արձագանքել է Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում Հայաստանի, Արցախի հարցում Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ «արտահոսքին»: Պեսկովն անհեթեթություն է անվանել այն պնդումը, թե Ռուսաստանը Հայաստանին ստիպում է անդամակցել Միութենական պետությանը: Հետաքրքիր է, որ խոսնակը չի անդրադարձել արտահոսքի մյուս հանգամանքներին, որոնք Հայաստանի դեմ ագրեսիայի, ռազմական ու քաղաքական հանցագործությունների ուղիղ մեղադրանք են Մոսկվային: Եվ հենց այդ գործողություններով է Մոսկվան ստիպում անդամակցել Միութենական պետությանը: Որոնք են այդ մեղադրանքները․ 1․ ՌԴ-ն իր նպատակներն իրագործելու համար Հայաստանի դեմ օգտագործում է Բաքվի և որոշ դեպքերում էլ՝ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը: Այսինքն, ՌԴ-ն Հայաստանի դեմ ագրեսիայի նախաձեռնողն է ու առաջնորդողը, որոշ դեպքերում՝ ուղիղ ռազմական միջամտությամբ: Ռուսաստանը զենք չի մատակարարում՝ Հայաստանի խոցելիությունը պահպանելու համար: 2․ Ռուսաստանը Արցախը պատանդ է պահում իր ծրագրերի իրագործման համար: Լավրովյան պլանը նախատեսում էր հարավային շրջանների հանձնում Ադրբեջանին, որ Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու և ավտոճանապարհների երթուղին ազատվեր խոչընդոտներից: Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, Թուրքիային ու Ադրբեջանին ձեռնտու է միջանցքի ռուսական վերահսկողության տարբերակը, քանի որ ՌԴ-ն Ադրբեջանը եւ Թուրքիան դիտարկում է որպես իր գազը Եվրոպային վաճառելու հարթակ: Պետք է ասել, որ որեւէ նոր բան չկա, սակավաթիվ զլմ-ներ եւ հեղինակներ այս մասին գրում են տարիներ շարունակ: Միեւնույն ժամանակ, սա Հայաստանի պետականությունը վերացնելու Կրեմլի ցեղասպան պլանի ու գործողությունների մի մասն է ընդամենը, այսպես ասած՝ մակերեսը: Հնարավոր է՝ Պեսկովն անդրադարձել է արտահոսքի միայն միութենական պետության հանգամանքին, քանի որ մնացած հանգամանքները գաղտնիք չեն, դրանց մասին բացահայտ խոսում են անգամ Ռուսաստանի առաջին դեմքերը՝ հո ՌԴ առաջին դեմքերի հայտարարություններն անհեթեթություն չէ՞ր համարի: Իսկ միութենական պետությանը ՀՀ-ին բռնակցելու մասին հրապարակային հայտարարություններ չկան: Միեւնույն ժամանակ, մյուս հանգամանքների վերաբերյալ Պեսկովի լռությունը դրանք հաստատելու վկայություն են: Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել այս օրերին խոսել ՌԴ իրական մտադրությունների մասին: Իրավիճակը հասել է սահմանային կետի՞՝ ռուս-թուրքական նոր ագրեսիայի հեռանկարով, թե՞ նրան անհանգստացրել է Կաթողիկոսի միջնորդությամբ նախկին նախագահների հավաքի ձեւաչափը, որի մեջ սպառնալիք է տեսել իր իշխանության հանդեպ: Փաշինյանը նախկինում էլ էր ակնարկներ անում ՌԴ դերակատարության վերաբերյալ, որոնք ակնհայտորեն սեփական աթոռը պահելու համար էին: Մյուս կողմից, այդ ակնարկներն, իհարկե, համեմատելի չեն ներկայիս ծավալուն եւ ուղիղ մեղադրանքների հետ: Դա շուտ էր պետք անել, քանի դեռ իրավիճակն այսքան չէր խորացել եւ նոր կորուստներ չէին եղել, որոնք ավելի են մեծացրել Հայաստանի անվտանգային խոցելիությունը: Հրապարակումը կվերածվի քաղաքականությա՞ն, թե հանրությանը հուսալքելու եւ անելանելիության զգացումը խորացնելու հերթական չափաբաժինը կդառնա:

Lragir.am,
05-10-2022 09:54