Հայտարարություն ՀՀ-ում վարժական հավաքների իրականացման ընթացքում խախտումների վերաբերյալ

05-10-2022 00:50

2022 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունել է եւ հաջորդ օրը ուժի մեջ է մտել «Վարժական հավաքներ հայտարարելու եւ դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» N 1484-Ն որոշումը, համաձայն որի՝ անհրաժեշտ է համարվել․ Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2022 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը: Վարժական հավաքներին ներգրավել մինչև 3680 քաղաքացու, որոնցից 3310-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 80-ը` ավագ ենթասպայական կազմի, 290-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքների ապահովման համար, 2022 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 320 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի: Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Վերոնշյալ որոշման ընդունումից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստանում պահեստազորում հաշվառված անձանցից առ այն, որ վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար, պահեստազորում հաշվառված անձինք չեն ենթարկվում օրենքով սահմանված բժշկական հետազոտությունների եւ փորձաքննության, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժանումներում բացակայում են քաղաքացիների կողմից իրենց առողջության վիճակի վերաբերյալ նախկինում ներկայացված փաստաթղթերը, հաշվի չի առնվում պահեստազորում հաշվառված անձանց ընտանեկան դրությունը, ինչը ամրագրված չէ նաեւ օրենքով: Մինչդեռ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով ՀՀ Կառավարությունը 18.10.2018 թ․-ին կայացված «Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կարգը սահմանելու մասին» թիվ 1174-ն որոշմամբ սահմանում է. 10. Համաձայն վարժական հավաքների անցկացման տարեկան պլանի՝ Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը, համապատասխան վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ, տարածքային զինվորական կոմիսարիատներ է ուղարկում կարգագրեր, որոնց հիման վրա պահեստազորայինները կանչվում են վարժական հավաքների: Վարժական հավաքների կանչվում են զորամասերին կցագրված (նախորոշված) պահեստազորայինները, իսկ չկցագրված պահեստազորայիններից՝ համապատասխան զինվորական հաշվառական մասնագիտություններ (այսուհետ՝ ԶՀՄ) ունեցողները: 13. Այն պահեստազորայինները, որոնք ընտրվել են որպես վարժական հավաքներում պատրաստվելու թեկնածուներ, ծանուցվում են վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն 20 օրացուցային օր առաջ՝ զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու նպատակով: Պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո՝ մեկ տարվանից ոչ շուտ: 14․ Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայինն անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման զորամաս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու ժամանակ իրականացվում են նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն: Սույն մասում նշված դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում է առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում»: Մինչ վերջին որոշումը՝ 2022 թվականի  հունիսի 23-ին ընդունվել եւ հաջորդ օրը ուժի մեջ էր մտել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին » N 941-Ն որոշումը, համաձայն որի՝ անհրաժեշտ է համարվել․ Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը: Վարժական հավաքներին ներգրավել մինչև 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 134 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի: Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Այնուհետեւ, 2022 թվականի օգոստոսի 24-ին ընդունվել եւ հաջորդ օրը ուժի մեջ էր մտել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» N 1334-Ն որոշումը, համաձայն որի անհրաժեշտ է համարվել․ Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` 1) ռազմական ունակությունների կատարելագործման. 2) մասնագիտական վերապատրաստման. 3) մասնագիտական պատրաստման. 4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Վարժական հավաքներին ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ. -ծանուցագիրը պետք տրամադրել քաղաքացիներին օրենքով սահմանված ժամկետներում, -ապահովել վարժական հավաքներին ներգրավելու համար պահեստազորում հաշվառված անձանց բժշկական հետազոտությունները եւ փորձաքննությունը մինչ վարժական հավաքին ներգրավելու մասին որոշում կայացնելը, -անհրաժեշտ է օրենքով ամրագրել այն անձանց շրջանակը, որոնք ենթակա չեն  վարժական հավաքին՝ հաշվի առնելով մասնավորապես՝ ընտանեկան պայմանները(անչափահաս երեխա/ներ ունեցող ծնողների զորակոչի դեպքում, նույն ընտանիքից միաժամանակ մեկից ավելի անձանց զորակոչի դեպքում, ընտանիքի միակ կերակրողը հանդիսանալու դեպքում, հաշմանդամություն ունեցող ծնող/ների դեպքում եւ այլն, ինչպես սահմանված է պարտադիր ժամկետային ծառայության զորակոչելու դեպքում), պարզեցնել ամրագրման ենթակա անձանց վերաբերող օրենսդրական կարգավորումները: Եթե հարցեր ունեք գործընթացի մասին կամ խախտվել են ձեր իրավունքները և ունեք իրավաբանական խորհրդատվության կարիք, կապ հաստատեք մեզ հետ հետևյալ կոնտակտներով․ Արմինե Սադիկյան  093339441 [email protected]

Lragir.am,
05-10-2022 00:50