Ֆրանսիան պաշտոնապես չեղարկեց նոյեմբերի 9-ը եւ պատերազմի արդյունքները

05-10-2022 14:11

Ազգային Ժողովրդավարական Բևեռը Հայաստանի միակ քաղաքական ուժն էր և է, որը մերժում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի Պուտինի հեղինակած և Արցախի օտարմանն ու Հայաստանի պետականության լուծարմանն ուղղված եռակողմ հայտարարությունը: Բավական է նշել տխրահռչակ հայտարարության մեկամյա տարելիցին նվիրված 2021 թվականի նոյեմբերի 9-ի ԱԺԲ-ի պատմական հանրահավաքը, որը ավարտվեց Ռուսաստանի դեսպանատան առջև Прощай немытая Россия խոսքերով: Մենք բազմիցս ասել ենք և շարունակում ենք պնդել, որ Արևմուտք – Ռուսաստան դիմակայության և դրա հետևանքով մեր աչքերի առաջ ստեղծվելիք նոր աշխարհակարգի տրամաբանությունը ստիպելու է, որպեսզի ԱՄՆ, ԵՄ, Իրանը և Հնդկաստանը ևս հրաժարվեն ճանաչել 2020 թվականի դավադիր պատերազմի հետևանքով (և ուժի կիրառմամբ Հայաստանին պարտադրված) Հարավային Կովկասում առաջացած ստատուս քվոն: Դրա առաջին նշանը եղավ 2020 թվականի Ֆրանսիա Սենատի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը 1994 թվականի սահմաններով: Հիմա նույն Ֆրանսիան, արդեն իր արտգործնախարարի շուրթերով, ասում է, որ “Ռուսաստանն անկարող է հանդես գալ իրավարարի դերում, ինչին նա բացառիկության կարգով հավակնում էր 2020 թվականի պատերազմից հետո”: Աշխարհաքաղաքական զարգացումները խիստ հայանպաստ են և մնում է, որ Հայաստանը իր հերթին կատարի այդ զարգացումներին համահունչ քայլեր: Եթե դա ի վիճակի չեն անել այս ապիկար դավաճանները, ապա դա կանի Ազգային Անցումային կառավարությունը, որը շատ մոտ ապագայում կձևավորվի հայ ժողովրդի գիտակից հատվածի կամքի պարտադրմամբ: ՀԱՇՎԱԾ ՇԱԲԱԹՆԵՐ ԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՆՎԵԼՈՒ Է Վահե Գասպարյան, Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ 

Lragir.am,
05-10-2022 14:11