Լեհաստանն ու ԱՄՆ-ը բանակցում են միջուկային զենքի համատեղ կիրառման ծրագրի շուրջ

05-10-2022 14:42

Լեհաստանը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ՝ մասնակցելու միջուկային փոխանակման ծրագրին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից աճող սպառնալիքներին դիմակայելու համար: Այս մասին Gazeta Polska թերթին հայտնել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: «Առաջին խնդիրն այն է, որ մենք միջուկային զենք չունենք: Ոչ մի նշան չկա, որ մենք՝ Լեհաստանը, մոտ ապագայում ձեռք կբերենք այն: Միշտ էլ կա միջուկային փոխանակման ծրագրին մասնակցելու ներուժ: Մենք խոսել ենք Ամերիկայի առաջնորդների հետ՝ արդյոք Միացյալ Նահանգները դիտարկում է նման հնարավորությունը: Թեման բաց է»,- պարզաբանել է Դուդան: Միջուկային փոխանակման ծրագիրը ՆԱՏՕ-ի միջուկային զսպման քաղաքականության մի մասն է, որը թույլ է տալիս անդամ երկրներին, որոնք չունեն այդ զենքերը, մասնակցել դրանց օգտագործման պլանավորմանը: Այս ծրագիրը չի ընդլայնում միջուկային զենք ունեցող երկրների խումբը: Միայն ԱՄՆ-ն է իր զենքը տրամադրել այլ պետություններին ծրագրի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում մասնակից երկրները խորհրդակցություններ են անցկացնում և համատեղ որոշումներ են կայացնում միջուկային զենքի վերաբերյալ: Նրանք, մասնավորապես, պահպանում են միջուկային զենքի կիրառման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները (միջուկային զենք կրելու ունակ ինքնաթիռներ) և այն պահում իրենց տարածքում:

Lragir.am,
05-10-2022 14:42