Երեւանում ՌԴ դեսպան Կոպիրկին․ լավ ենք անում

05-10-2022 15:37

Հայ լրագրողներն այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին հարցեր են ուղղել շփման գծում իրավիճակի վերաբերյալ եւ հիշեցրել, որ նա ասել էր, թե Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Լրագրողներից մեկը դեսպանին ասել է, թե «այդ քայլերն անհայտ են հասարակությանը, Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիքի ֆոնին ժամանակն է բարձրաձայնել այդ քայլերը և նշել, թե կոնկրետ ինչ է ձեռնարկում Ռուսաստանը»: Կոպիրկինը թվարկել է, թե ինչ է ձեռնարկվում Ռուսաստանի կողմից: Նախ, աշխատում է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա: ՌԴ դեսպանն այնուհետեւ հիշեցրել է Ռուսաստանի ներկայությունը «սահմանի խնդրահարույց» շրջաններում: «Մեր զինվորականները, մեր խաղաղապահները, մեր սահմանապահները երկու կողմերի հետ գտնվում են կապի մեջ: Նրանք այստեղ աշխատում են և գործում են, և դա ևս կարևոր գործոն է կայունության ապահովման և հետագա էսկալացիան զսպելու համար: Այսինք՝ դրանք համալիր քայլեր են և միջոցներ, որոնք ուղղված են նրան, որպեսզի իրավիճակը իսկապես չվատանա և, ի վերջո, առաջընթաց լինի անհրաժեշտ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ», նշել է Կոպիրկինը: Հայ լրագրողները դեսպանին չեն տվել ամենակարեւոր հարցը․ շարունակվում են Բաքվի ներխուժումներն ու եռակողմ այդ թղթերի ամենօրյա մյուս խախտումները, այդ թվում՝ Մոսկվայի կողմից: Չեն վերացվում այդ խախտումների հետեւանքները, ընդհակառակը՝ Հայաստանի նման պահանջներին Մոսկվան պատասխանում է Բաքվին արդարացնող հայտարարություններով: Հայ լրագրողները չեն հարցրել նաեւ, թե ինչու ՌԴ-ն չի պահանջում Բաքվի զորքերի հետքաշում: Այդ դեպքում դեսպանը կկանգներ երկընտրանքի առջեւ՝ կամ պիտի հայտարարեր, որ Ռուսաստանն անզոր է, կամ ասեր՝ լավ ենք անում, այսինքն՝ Ռուսաստանն է կանգնած դրա հետեւում: Կապիրկինը սակայն Կոպիրկին չէր լինի, եթե վերջում չսպառնար Հայաստանին, օգտվելով հենց հայ լրագրողների կողմից նման հարցերից խուսափելուց՝ նա ասել է, որ Ռուսաստանը ձեռք չի քաշելու Հայաստանից: Հայաստանում էլեկտորալ ծուղակը հյուսած եւ երկրի ներքին գործերին բազմիցս կոպտագույն ձեւով միջամտած դեսպանին ոչ լրագրողները, ոչ պատկան մարմինները պատասխանատվության չեն կանչել: Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան այսօր հայտարարել է, որ համերաշխ է հայ ժողովրդի հետ․ «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին նաեւ Ռուսաստանի անկարողությունը՝ հանդես գալ որպես իրավարար, ինչին նա բացառիկության կարգով հավակնում էր 2020 թվականի պատերազմից հետո»:

Lragir.am,
05-10-2022 15:37