Դարպաս գյուղի դպրոցում բացվեց «խելացի» դասարան

05-10-2022 15:09

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը Լոռու Դարպաս գյուղի հիմնական դպրոցում բացեց «խելացի» դասարան: 203 աշակերտ և 30 ուսուցիչ ունեցող դպրոցի՝ նորագույն տեխնոլոգիական լուծումներով համալրված միակ խելացի դասարանը կկրի սփյուռքահայ Սևակ Ղարիպեանի անունը: Ծրագիրը նպատակ ունի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով խթանել բնագիտական առարկաների նկատմամբ աշակերտների հետաքրքրվածությունը, սովորելու ցանկությունը: «Մարզերում ունենք մեծ պոտենցիալ, բայց աշակերտների մոտ բնագիտական առարկաների նկատմամբ քիչ հետաքրքրություն է նկատվում. դա հիմնականում պայմանավորված է դասավանդման  ժամանակակից մեթոդաբանության և նորագույն տեխնոլոգիաների բացակայությամբ: Հույս ունենք, որ այս դասասենյակը կդառնա հիմնաքար՝ գիտական ապագա հայտնագործությունների և նոր նվաճումների համար»,- նշեց Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը: Խելացի, ինտերակտիվ գրատախտակի միջոցով ուսուցիչները հնարավորություն կունենան ավելի պարզ ու հետաքրքիր տարբերակով գիտելիքը հասցնել աշակերտին: Դասասենյակը նախատեսված է բոլոր դասարանների համար: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Genesis Armenia-ի և Սեւակ Ղարիպեանի ընտանիքի ջանքերով:

Lragir.am,
05-10-2022 15:09