ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

05-10-2022 16:10

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ ութերորդ փաթեթի շուրջ, ներառյալ երրորդ երկրներին նավթի վաճառքի գնային սահմանափակումները: Պաշտոնական համաձայնագիրը կստորագրվի և կհրապարակվի չորեքշաբթի: Հաղորդվում է, որ նախորդ գիշեր քննարկումները կենտրոնացած էին այն բանի վրա, թե ինչպես կարելի է մեղմել նոր փաթեթի ազդեցությունը ծովային խոշոր նավագնացություն ունեցող երկրների վրա: Մասնավորապես, Հունաստանը, Կիպրոսը և Մալթան անհանգստացած են ռուսական նավթի փոխադրման սահմանափակումներով և պահանջել են նոր փաթեթի արդյունավետության երաշխիքներ, նշում են ԵՄ աղբյուրները: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի խոսքով՝ պատժամիջոցների նոր փաթեթն իսկապես էլ ավելի կսահմանափակի Ռուսաստանի արտահանման հնարավորությունները, սակայն ԵՄ-ի համար բոլոր հնարավոր հետեւանքները հաշվի են առնվել: Բացի այդ, Բորելի խոսքերից հետևում է, որ պատժամիջոցները կսահմանափակեն Ռուսաստանի մուտքն արևմտյան տեխնոլոգիական արդյունաբերություն, մասնավորապես՝ էլեկտրոնային բաղադրիչների, ինքնաթիռների և քիմիական նյութերի ներմուծման ոլորտ: Սա գործնականում անհնարին է դարձնում ռուսական ռազմական արդյունաբերության արդյունավետ գործունեությունը: Նոր փաթեթը ներառում է նաև պատժամիջոցներ մի շարք անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների և օկուպացված ուկրաինական տարածքներում անցկացված կեղծ հանրաքվեներում ներգրավված անձանց նկատմամբ: Եվրամիությունը չի բացառում, որ վերջին պահին ԵՄ անդամ երկրներից մեկը կարող է մտափոխվել, սակայն ընդհանուր առմամբ փաթեթը պատրաստ է ստորագրման:

Lragir.am,
05-10-2022 16:10