Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծել․ Արարատ Միրզոյան

05-10-2022 16:56

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ ժնևյան հանդիպումից հետո Բաքվի տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ հայկական կողմին են փոխանցել խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա: «Ադրբեջանի կողմից մարտի սկզբին փոխանցած 5 հայտնի սկզբունքները հրապարակվել են, մեր հանրությունն ու միջազգային հանրությունը քաջատեղյակ է այդ սկզբունքներին: Մենք հրապարակավ ֆիքսել ենք, որ այնտեղ մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները կառուցված են այդ սկզբունքների վրա: Անշուշտ, կան բաներ, որոնք մենք վերլուծում ենք, անպայման կարձագանքենք, բաներ կլինեն, որոնք կարող են մեզ համար ընդունելի լինել, բաներ կլինեն, որոնք ընդունելի չեն լինի, կլինեն առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք: Նորմալ բանակցային գործընթացը կշարունակվի»,- ասաց Միրզոյանը: Նա անդրադարձավ նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման հարցին: «Ես կրկին հղում պետք է անեմ հինգ կետերի պատմությանը, մենք այն ժամանակ ասացինք, որ այս հինգ կետերում անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը և կիսվեցինք մեր պատկերացումներով: Այդ պատկերացումների հիմնական մասը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին: Եվ այժմ էլ բանակցությունների մաս է նաև այս հարցի հասցեագրումը: Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծել: Այս մասին քննարկումներ են ընթանում, անշուշտ, մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ: երբ կհանգենք ինչ-որ փոխադարձ ընդունելի դիրքորոշման կամ մեխանիզմի, կտեղեկանցնեք»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Lragir.am,
05-10-2022 16:56