Google Pay-ը և Google Wallet-ը հասանելի են Ամերիաբանկի հաճախորդների համար

15-11-2022 11:18

Այսօրվանից Ամերիաբանկը Հայաստանում գործարկում է Google Pay ծառայությունը և իր քարտապաններին ընձեռում պարզ և անվտանգ անհպում վճարումներ կատարելու և թվային քարտեր պահելու հնարավորություն: Ծառայությունից հնարավոր է օգտվել ինչպես Android, այնպես էլ Wear OS սարքերի միջոցով: Google Pay-ն Ամերիաբանկի հաճախորդներին թույլ է տալիս վճարումներ կատարել առանց բանկային քարտ օգտագործելու, POS տերմինալի վրա գաղտնաբառ մուտքագրելու կամ կանխիկ գումար օգտագործելու: Քարտապանները կարող են Ամերիաբանկի դեբետային և կրեդիտային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որն ի դեպ, նույնպես գործարկվում է այսօր, վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ: Բացի վճարային քարտերից, քարտապանները կարող են Google դրամապանակին կցել և օգտագործել նաև հավատարմության քարտեր, նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր:     Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգության մի քանի մակարդակների կիրառման միջոցով, որոնք լրացնում են Ամերիաբանկի քարտերի` արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների կիրառում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների և կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից: Բացի այդ, հեռախոսի կորչելու կամ հափշտակվելու դեպքում քարտապանը պարզապես կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» հրահանգից՝ սարքը ցանկացած վայրից ակնթարթորեն բլոկավորելու, նոր գաղտնաբառով պաշտպանելու և անգամ անձնական տվյալները ջնջելու համար: «Google Pay-ն ապահովում է Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով արագ, հեշտ և անվտանգ վճարումներ կատարելու հնարավորություն աշխարհի ավելի քան 45 երկրում, – նշեց Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգը: – Օգտատերերը կարող են պարզապես կցել իրենց դեբետային և կրեդիտային քարտերը Google Wallet-ին և վստահ լինել, որ գնումներ կամ վճարումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են և պաշտպանված»: Ամերիաբանկի քարտը Google Pay-ով օգտագործելու համար պարզապես անհրաժեշտ է ներբեռնել Google Wallet-ը Google Play Store-ից: «Հավատարիմ մնալով թվային փոխակերպման օրակարգին՝ Ամերիաբանկը միշտ ձգտում է իր հաճախորդների համար ապահովել ժամանակակից և դրական բանկային փորձառություն՝ ամենաառաջադեմ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Google-ի հետ մեր համագործակցության շնորհիվ Հայաստանում մեր քարտապանների համար արդեն հասանելի է անհպում վճարումների նոր եղանակ՝ Google Pay-ը», – ասաց Ամերիաբանկի Վճարային քարտերի գործառնությունների բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը: Ամերիաբանկի մասին Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով: Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Lragir.am,
15-11-2022 11:18