Նոր աշխատակիցներ՝ հարկային ծառայությունում. դասընթացին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 21-ն է

18-11-2022 11:50

Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոնը»՝ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն–վարչության հետ համատեղ կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց վարչության աշխատակազմը համալրելու նպատակով: Մասնագիտացված դասընթացը կտևի երկուսից երեք ամիս․ մասնակիցները կուսումնասիրեն ոլորտը՝ սկսած օրենսգրքից, մինչև հարկային հսկողություն: ՊԵԿ հարկային համակարգի դռներն այսպիսով բաց են ոչ միայն երիտասարդ կադրերի և ոչ միայն տղամարդկանց համար. վերջին տարիներին կանանց ներգրավվածությունը ծառայության տարբեր ստորաբաժանումներում փոխել է հանրային ընկալումները. Կանայք աշխատանքի են անցել ու հաջողել հարկայինի անգամ ամենապատասխանատու ստորաբաժանումներում: Մեկնարկող դասընթացները նաև այս խնդրի ապահովմանն են միտված: Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար մասնակցության հայտ կարող են ներկայացնել՝ ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավագիտության և  մի շարք այլ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները:  Այսպիսի դասընթաց կազմակերպվել էր նաև նախորդ տարի․ այսօր՝ ծրագրի  շրջանավարտներն աշխատում են համակարգում: Գործնականում  ամրապնդելով ստացած գիտելիքները՝ պատրաստ են փոխանցել աշխատանքային հմտությունները  նորեկներին: Դասընթացի մասնակիցները տեսական փուլը հաղթահարելուց հետո կանցնեն գործնական պարապմունքներին, վերջնական արդյունքները կամփոփվեն գնահատմամբ․ լավագույններն աշխատանքի կանցնեն պետական եկամուտների կոմիտեում:   Նախապատրաստական դասընթացի տեսական փուլը կտևի 2-3 ամիս, գործնականը՝ 1-2 ամիս: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 21-ն է:

Lragir.am,
18-11-2022 11:50