ՊԵԿ-ԱԱԾ համագործակցության արդյունքում բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք

18-11-2022 15:30

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերությունների պատասխանատու անձինք, հարկեր չվճարելու նպատակով, ընկերություններում որպես աշխատողներ են գրանցում  միայն աշխատակիցների մի մասին և հարկային հաշվարկներում վարձու աշխատողներին վճարված աշխատավարձերը ցածր են հայտարարագրում: Ստացված տվյալներն իրացնելու նպատակով  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:  Պարզվել է, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 3 բաժնում հաշվառված, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող 3 ՍՊ ընկերության  փաստացի սեփականատերերը, նախնական համաձայնության գալով, նշված ընկերությունների աշխատանքները համակարգող աշխատակիցների հետ, 2022 թվականի հունիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չեն ձևակերպել մի քանի տասնյակ վարձու աշխատողների: Նույն ժամանակահատվածում, ՊԵԿ ներկայացված օրենքով սահմանված հաշվարկներում,  հաշվարկված և վճարված աշխատավարձերը ևս չեն հայտարարագրվել: Հարկերը պակաս վճարելու նպատակով բացի աշխատակիցներին չգրանցելուց` ընկերությունների պատասխանատու անձինք հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում էականորեն ցածր են հայտարարագրել նաև գրանցված վարձու աշխատողների աշխատավարձերը: Ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր: Դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նախաքննություն կատարելու համար փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն: Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում դատարանի որոշումների հիման վրա` ԱԱԾ ծառայության Երևանի քաղաքային վարչության և ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների մասնակցությամբ խուզարկություններ են կատարվել ընկերությունների գործունեության վայրերում:  Արդյունքում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված վարձու աշխատակիցներ, ինչպես նաև հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթի համար էական նշանակության փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ,  համակարգիչների հիշողության կոշտ սկավառակներ, շուրջ 580 համակարգիչ,  220 բջջային հեռախոս, 3 համակարգչային սերվեր: Քրեական վարույթով համակողմանի և պատշաճ քննություն ապահովելու համար ստուգվում են նաև ընկերությունների իրականացրած գործունեության, ներգրավված դրամական միջոցների օրինականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառի գործունեության անվան տակ ապօրինի գործունեությունը քողարկելու վարկածը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են,  միջոցներ են ձեռնարկվում հանցագործության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և այն վերականգնելու ուղղությամբ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
18-11-2022 15:30