Ո՞վ սպանեց Մարիուս Յուզբաշյանին, կասկածներ կան, որ գործակալները։ Ովքե՞ր են գործակալները

24-11-2022 14:09

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերի նախագիծը: ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ներկայացրեց, որ օրինագծերի ընդունման հրատապությունը պայմանավորված է ԱԱԾ մարմիններում պրոֆեսիոնալ կադրերի հնարավոր արտահոսքը կանխելու, կադրային քաղաքականության արդյունավետությունը և ծառայության որակը բարելավելու, գործնականում առաջացող խնդիրներին լուծում տալու, օրենքներում կիրառվող հասկացությունները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: «Մասնավորապես, առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը: Ներկայում ենթասպայական կազմի և սպայական մինչև փոխգնդապետի կոչում ունեցողների համար 50, իսկ գնդապետի համար 55 տարեկան է, որն էապես ցածր է զինվորական և դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներով նախատեսված սահմանային տարիքից: Նախագծով ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, բացառությամբ բարձրագույն սպական կազմի, սահմանային տարիքը նախատեսվում է ավելացնել երկու տարով: Օրինագծով առաջարկվում է վերանայել որոշ կարգավորումներ, մասնավորապես, ԱԱԾ տնօրենին իրավունք է վերապահվում ծառայությունից արձակել նաև դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով»,- ասաց ԱԱԾ փոխտնօրենը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ ԱԱԾ փոխտնօրենը չնշեց, թե իրականում ինչի համար էր այս փոփոխությունը: «Գործող օրենքով սահմանվում է, որ ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց տվյալները, փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման՝ լիազորված մարմնի արխիվում, այսինքն՝ ԱԱԾ-ում: Կար նաև դրույթ, որ լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով: Հիմա առաջարկում եք՝ գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Գաղտնի ծառայություններում կարող են 50 տարի հետո գաղտնազերծել որևէ անձի գործունեություն: Եվ օրենքը սա թույլ է տալիս, բայց օրենքի նախագծով մինչև գաղտնազերծումը ԱԱԾ-ում իրավունք ունենք ոչնչացնել այդ փաստաթղթերը: Նոր փոփոխությամբ իրավունք են ստանում ոչնաչացնել: Դիցուք, ԱԱԾ աշխատողների հետ համագործակցել է «Ալֆա» կեղծանունով մեկը: Հիմա ձեր առաջարկած փոփոխությունով կարո՞ղ է պատահել, որ մի օր ԱԱԾ պետի կամ այլ որոշմամբ, այլ իրավական ակտով ոչնչացնեն «Ալֆայի» համագործակցությունն ԱԱԾ-ի հետ վկայող, հաստատող փաստաթղթերը»,- հարցրեց Գեղամ Մանուկյանը: Անդրանիկ Սիմոնյանն ի պատասխան ասաց, որ փաստաթղթերի ոչնչացման համար օրենքով կամ իրավական ակտերով նախատեսված որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել․ «Փոփոփոխությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ նաև օրենքով սահմանված ունենանք լիազորող նորմ՝ ոչնչացնելու համար: Օրենքով նախատեսվում է ոչնչացման հնարավորություն, և այդ հնարավորությունը ծառայությանը տրվում է օրենքով, խնդիրը ո՞րն է, ինչ-որ մեկը չի տանելու մի հատ թուղթ ճղի գցի»: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դիմեց ընդդիմությանը․ «Դուք մտահոգվում եք, որ ինչ-որ գործակալական գործեր կոչնչանան, գործակալական գործերը չեն կարա ոչնչանալ: Նույնիսկ սովետական տարիներից հետո ոչնչացված ՀՀ գործակալական գործերի մեծ մասը վերականգնվեց, և չի կարելի ոչնչացնել: Ինչ վերաբերում է արխիվային ինչ-որ գործերի, այդ գործերն ինչքան էլ ոչնչացնես, դրանք արձանագրված են տարբեր տեղեր, դրանք ոչնչացման ենթակա չեն: Մտահոգվելու շատ բան չունենք: Հատկապես պատվի խնդիր է, որ մեր հատուկ ծառայությունները Մարիուս Յուզբաշյանի սպանության գործը պետք է օր առաջ բացահայտեն, ինչպես պետք է բացահայտված լիներ նաև Հոկտեմբերի 27-ի գործը: Ո՞վ սպանեց Մարիուս Յուզբաշյանին, կասկածներ կան, որ գործակալները: Ովքե՞ր են գործակալները Մարիուս Յուզբաշյանի ժամանակահատվածում, կարելի է ենթադրություններ անել»:

Lragir.am,
24-11-2022 14:09