Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի

24-11-2022 14:22

Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայությունից, և Ազգային ժողովում համապատասխան օրենքի ընդունումից հետո կդառնա վարչապետին ենթակա մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ասաց, որ փոփոխությունը  անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է տեղի ունենում: «Նախկինում այս կարգավորման շրջանակներում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Այժմ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս յոթ տարի: Վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,-ասաց նա: Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ ըստ անհրաժեշտության հետագայում ծառայությունը երկարացնելու հնարավորություն կլինի: «ԱԱԾ-ն  պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար,  սահմանադրական կարգի պահպանություն: Մենք պետք է ծառայության կարողություններն  ու հնարավորությունները մեծացնենք, և մենք դա անում ենք»,-հավելեց Փաշինյանը: Կառավարությունը քվեարկությամբ հավանություն տվեց առաջարկվող նախագծին:

Lragir.am,
24-11-2022 14:22