Կեղծ համարվող հռոմեացի կայսրը, պարզվում է, գոյություն է ունեցել

24-11-2022 15:21

Հնագույն ոսկե մետաղադրամն ապացուցում է, որ երրորդ դարի հռոմեական կայսրը, որը պատմությունից դուրս գրվել է որպես հորինված կերպար, իսկապես գոյություն է ունեցել, ասում են գիտնականները, գրում է BBC-ն:  Սպոնսիանոսի անունը կրող մետաղադրամը և նրա դիմանկարը հայտնաբերվել է ավելի քան 300 տարի առաջ Տրանսիլվանիայում, որը ժամանակին Հռոմեական կայսրության հեռավոր գավառ էր: Ենթադրվում էր, որ այն կեղծ էր: Այժմ գիտնականներն ասում են, որ մանրադիտակի տակ տեսանելի քերծվածքներն ապացուցում են, որ այն եղել է շրջանառության մեջ 2000 տարի առաջ: Պրոֆեսոր Փոլ Փիրսոնը Լոնդոնի համալսարանական քոլեջից, ով ղեկավարել է հետազոտությունը, BBC News-ին ասել է, որ ապշած է հայտնագործությունից: «Այն, ինչ մենք գտանք, կայսր է, մենք կարծում ենք, որ նա իրական էր և որ նա դեր ուներ պատմության մեջ»: Քիմիական անալիզը ցույց է տվել, որ մետաղադրամները հարյուրավոր տարիներ թաղված են եղել հողի մեջ, ըստ Ջեսպեր Էրիքսոնի, ով պրոֆեսոր Փիրսոնի հետ աշխատել է նախագծի վրա: Հետազոտողները կարծում են, որ նա զինվորական հրամանատար էր, ով ստիպված էր իրեն թագադրել որպես Հռոմեական կայսրության ամենահեռավոր և դժվարին պաշտպանվող գավառի կայսր, որը կոչվում էր Դակիա (ներկայիս Ռումինիայի տարածքը): Հնագիտական ​​ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Դակիան կտրված է եղել  կայսրությունից մնացած հատվածներից մոտ 260 թվականին: Այդ ժամանակ համաճարակ էր, քաղաքացիական պատերազմ, և կայսրությունը մասնատվում էր: Շրջապատված լինելով թշնամիներով և կտրված լինելով Հռոմից՝ Սպոնսիանոսը, հավանաբար, ստանձնել է գերագույն հրամանատարությունը քաոսի և քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ պաշտպանելով Դակիայի զինվորական և քաղաքացիական բնակչությանը մինչև կարգուկանոնը վերականգնվել: «Մեր մեկնաբանությունն այն է, որ նա ստանձնել էր զինվորականների և քաղաքացիական բնակչության վերահսկողությունը, քանի որ նրանք շրջապատված էին և ամբողջովին կտրված», – ասել է պրոֆեսորը, – գավառում գործող տնտեսություն ստեղծելու համար նրանք որոշեցին սեփական մետաղադրամներ հատել»: Այս տեսությունը բացատրում է, թե ինչու մետաղադրամները նման չեն Հռոմի մետաղադրամներին: «Նրանք գուցե չգիտեին, թե ով էր իրական կայսրը, քանի որ քաղաքացիական պատերազմ էր», – ասում է պրոֆեսոր Փիրսոնը: Ըստ առկա տեղեկությունների՝ Սպոնսիանոսը փորձել է գահը խլել կայսր Փիլիպոս Առաջինից:

Lragir.am,
24-11-2022 15:21