Առաջիկայում երկաթուղիների վերականգման ոլորտում մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող ենք ունենալ. վարչապետ

24-11-2022 15:52

«Իհարկե այս ոլորտում իմ փորձը ցույց է տվել, որ լավատեսական լուրերի նկատմամբ պետք է շատ զգույշ լինենք, բայց կարող եմ ասել, որ եթե այն, ինչ մենք երեկ իմացանք և պայմանավորվեցինք, եթե այդ ամենն իր տրամաբանությունից չշեղվի, առաջիկայում մենք «Հայկական խաչմերուկ» ծրագրի շրջանակներում, մասնավորապես, երկաթուղիների վերականգնման ոլորտում մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող ենք ունենալ»,- կառավարության այսօրվա նիստում նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարապետը նշել է, որ Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբատ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է. «Ուրախալի է, որ մենք այդ հնարավորությունն ունենք: Դա մի ծրագիր է, համոզված եմ, որ բոլոր գործընկերները մեծ հետաքրքրություն կդրսևորեն: Խոսքը հետևյալի մասին է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնանք և սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները: Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբատ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է: Կրկին ասում եմ՝ նախորդ դառը փորձը հաշվի առնելով, հիմա ուղղակի ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ դեռևս պետք է այդ ամեն ինչը վերահաստատվի և արձանագրվի: Բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա»: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև երեկ Երևանում տեղի ունեցած  Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և նշել. «Արդյունքում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ: Նաև ուզում եմ ասել, որ իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ և դրական քննարկում, և այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք լրամշակել և գալ ընդհանուր հայտարարի: Ընդհանուր առմամբ, չնայած այս հանգամանքին, որ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ մենք չստորագրեցինք հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց՝ կրկին մեր չստորագրելու պատճառով: Բայց կրկին ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ, դրական եմ համարում քննարկումը, դրական եմ համարում նաև Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ ֆորմատում ունեցած բանակցությունները: Հույս ունեմ, որ այն պայմանավորվածություները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացնենք»:

Lragir.am,
24-11-2022 15:52