Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են պաշտոնատար անձանց ապօրինություններ

29-11-2022 17:39

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունները վերաբերում էին Երևանի քաղաքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց գործունեությանը: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ համայնքային սեփականություն հանդիսացող, սակայն քաղաքացու կողմից ապօրինի զավթված հողամասը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գործող կադաստրային արժեքով օրինականացնելու նպատակով պաշտոնյաները, նախնական համաձայնությամբ, քաղաքացուց ընդունել են հետին թվով դիմումներ` 2020 թվականի դեկտեմբերի 30-ով թվագրված, ապա կազմել ու Երևանի քաղաքապետին են ներկայացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման նախագծեր: Արդյունքում, քաղաքապետի որոշումներով օրինականացված ինքնակամ շինություններից բացի, նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով քաղաքացուն է օտարվել 1994 քառակուսի մետր հողամասը` 5 միլիոն 982 հազար դրամով, այն դեպքում, երբ դրա կադաստրային արժեքն ավելի քան 32 միլիոն է, իսկ շուկայական արժեքը` 95 միլիոն: Ապօրինության հետևանքով Երևան համայնքը զրկվել է առանձնապես խոշոր չափերով գույքը տնօրինելու և այն հետագայում աճուրդային եղանակով օտարելու իրավունքից: Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Lragir.am,
29-11-2022 17:39