Կեղծ փաստաթղթեր սպանդանոցներից. 10-ից ավելի քրեական վարույթ

30-11-2022 18:10

Արդեն տևական ժամանակ հանրապետությունում գործում է գյուղատնտեսական կենդանիների մորթը բացառապես սպանդանոցներում իրականացնելու կարգը, սակայն այդ բնագավառում օրինախախտումները շարունակվում են: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը պայքարում է նաև այս տեսակի օրինախախտումների դեմ` հիմնականում համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ: Վերջին շրջանում կատարված ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ լիցենզիա ունեցող 15 սպանդանոց 2021-2022 թվականների ընթացքում մսի վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների տրամադրել են սպանդային մթերքները սպանդանոցից դուրս բերելու բովանդակությամբ կեղծ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություններ: Տնտեսավարողներն էլ բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերն օգտագործելով` գյուղացիներից ձեռք բերած անասունները տեղում մորթել ու վաճառել են իրենց խանութներում: Փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ հանցանքների վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ: Նման միջոցառումները շարունակվում են:

Lragir.am,
30-11-2022 18:10