Երևանի քաղաքապետարանը՝ Հանրապետության հրապարակի շենքերը ծակելու մասին

01-12-2022 13:25

Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2023 թվականին ընդառաջ իրականացվող ամանորյա լուսավորության աշխատանքների շուրջ առկա են տարաբնույթ քննարկումներ, հարցեր, 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 11:00-ին հրավիրվելու է մամուլի ասուլիս, որի շրջանակներում անդրադարձ կկատարվի այս թեմային առնչվող, ինչպես նաև այլ, հարակից հարցերի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Միաժամանակ, հաշվի առնելով, որ այս պահին տարբեր լրատվական միջոցների կողմից քննարկվում են մասնավորապես Հանրապետության Հրապարակի շենքերի վրա իրականացվող աշխատանքները, անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը: Հաշվի առնելով նշվածը՝ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով: Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի (орнамент) մեջ, ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ», – նշված է հաղորդագրությունում:

Lragir.am,
01-12-2022 13:25