ԱՄՆ-ը գաղտնի նվազեցրել է Ուկրաինային փոխանցված Himars-ի հեռահարությունը. Wall Street Journal

06-12-2022 09:05

Himars․ Getty Images   Ինչպես գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաներին, Միացյալ Նահանգները գաղտնի ձևափոխել է Himars հրթիռային համակարգերը, որոնք մատակարարում է Ուկրաինային՝ նվազեցնելու դրանց հեռահարությունը: Նման նախազգուշական միջոցը, ըստ Բայդենի վարչակազմի, անհրաժեշտ էր Ռուսաստանի հետ հակամարտության սրման ռիսկը նվազեցնելու համար, եթե ուկրաինական բանակը որոշեր ամերիկյան հրթիռային համակարգերն օգտագործել ռուսական տարածքին հարվածելու համար: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն Ուկրաինային է մատակարարել 20 Himars համակարգ և արբանյակներով կառավարվող մեծ թվով հրթիռներ՝ մոտ 75 կմ հեռահարությամբ: Այս հրթիռները, որոնք կոչվում են GMLRS, ակտիվորեն օգտագործվում են Ուկրաինայի օկուպացված տարածքում ռուսական զինամթերքի պահեստներին, տրանսպորտային ցանցերին և հրամանատարական կետերին հարվածելու համար: Սակայն ձեւափոխումների պատճառով Himars մարտական ​​համակարգերը չեն կարող օգտագործել հզոր ATACMS հրթիռներ, որոնք կարող են խոցել թիրախները մինչև 300 կմ հեռավորության վրա: ԱՄՆ-ն Ուկրաինային ATACMS հրթիռներ չի մատակարարում, այնուամենայնիվ ձեւափոխումներ են կատարվել նկատի ունենալով, որ Կիևը կարող էր երրորդ երկրներից ձեռք բերել ATACMS: Ավելին, Ուկրաինային տրամադրված Himars համակարգերն ընդհանրապես չեն կարող օգտագործել այլ հրթիռներ, բացի GMLRS-ից, նույնիսկ եթե Կիևն ինքը կարողանա ստեղծել կամ գնել այդպիսի զինամթերք: Պենտագոնը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ ձեւափոխումներ են կատարվել ուկրաինական համակարգերում, զինվորականները միայն հաստատում են, որ դա վերաբերում է ինչպես ծրագրային, այնպես էլ մեխանիկական մասերին: «Օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով, մենք հրապարակայնորեն չենք մեկնաբանում մեր դաշնակիցներին և գործընկերներին տրամադրված մարտական ​​համակարգերի կոնֆիգուրացիան, – այս կապակցությամբ ասել է Պենտագոնի խոսնակ բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը: – Սակայն ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային տրամադրել ռուսական ագրեսիային հակազդելու համար անհրաժեշտ գործիքները»:

Lragir.am,
06-12-2022 09:05