Գիտաշխատողները ստեղծել են մարդու առողջահոգեբանական վիճակն ու հոգնածության աստիճանը որոշող «Ստաբիլոգրաֆ» բժշկական սարք

06-12-2022 00:28

Նկ. «Ստաբիլոգրաֆ» բժշկական սարք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողները «Փի Էս Այ» ընկերության աջակցությամբ և ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ու ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողների հետ համագործակցությամբ ստեղծել են մարդու առողջահոգեբանական վիճակը և հոգնածության աստիճանը որոշող թվով 8 նոր՝ SFCO (Single-layer Flat-Coil-Oscillator) սենսորներով գործող «Ստաբիլոգրաֆ» բժշկական սարք: Վերլուծելով սարքի 4 դիրքի և 4 տատանումների տվիչներից ստացված ազդանշանների հաճախային ու ժամանակային վարքը՝ հնարավոր է գնահատել մարդու նյարդահոգեբանական և հենամկանային համակարգերի վիճակը: Մեծ զգայունությամբ օժտված և աննախադեպ լայն հաճախային տիրույթով գործող նոր «Ստաբիլոգրաֆը» կարող է ունենալ շրջադարձային նշանակություն ախտորոշման մի շարք բնագավառներում: Կիրառման ոլորտներն են՝ բժշկություն՝ նյարդաբանական զննում, հետինսուլտային ռեաբիլիտացիա, վեստիբուլյար ապարատի խախտումների բուժում, սպորտ/ֆիթնես՝ հոգնածության աստիճանի և մկանային ծանրաբեռնվածության մոնիթորինգ, օդաչուների/մեքենավարների նախուղերթային զննում և այլն: «Սարքի մրցակցային առավելություններից են բարձր զգայունությունը, շրջապատի ռադիոհաճախային աղմուկների «արհամարումը», արդյունքների քանակական ներկայացումն ու հեռահար դիագնոստիկայի հնարավորությունը», – նշեց սարքը մշակող, ստեղծող և հետազոտող խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Սենսորային Տեխնոլոգիաների» ժամանակավոր կոլեկտիվի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գևորգյանը: «Ստաբիլոգրաֆ» սարքը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի բազային ֆինանսավորման և «Փի Էս Այ» («PSI» LLC, www.psi.am) ընկերության ֆինանսական ու բազմակողմանի տեխնիկական աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ «Global Innovations, Inc.» (GII) ընկերության հետ միջազգային համագործակցության արդյունքում: Հայկական «Փի Էս Այ» ընկերությունն ԱՄՆ «Global Innovations, Inc.» ընկերության հետ սերտ համագործակցությամբ սկսել է ստեղծված բժշկական ախտորոշող, սկզբունքորեն նոր «Ստաբիլոգրաֆ» սարքի միջազգային առևտրայնացման գործընթացը: «Ստաբիլոգրաֆ» բժշկական ախտորոշող սարքի բազմակողմանի փորձարկման արդյունքները կտպագրվեն ԱՄՆ «Review of Scientific Instruments» (AIP) ամսագրում 2023թ.: ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
06-12-2022 00:28