Ծանր հարված ռուսական «միջուկային վահանին»

06-12-2022 00:54

Բրիտանական հետախուզությունն իր առավոտյան զեկույցում ուշադրություն է հրավիրում դեկտեմբերի 5-ին Ռյազանի մերձակայքում և Սարատովի մարզում ռուսական ավիաբազաներում տեղի ունեցած պայթյունների վրա, որոնց արդյունքում, ըստ բաց աղբյուրների, զոհվել է երեք մարդ, խոցվել են երկու Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներ: Հետախուզությունը նշում է, որ պայթյունների պատճառները դեռ պարզված չեն: Բայց եթե Ռուսաստանը համարում է, որ դրանք դիվերսիա են, ապա դրանք կարող են համարվել ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ռազմական օբյեկտների պաշտպանության ամենալուրջ ձախողումներից մեկը: Բանն այն է, որ տուժած բազաները տեղակայված են Ռուսաստանի տարածքի խորքերում՝ Սարատովի մարզում գտնվող Էնգելսի ավիաբազան գտնվում է Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներից 600 կմ հեռավորության վրա: Էնգելսը ռուսական հեռահար ավիացիայի գլխավոր օպերատիվ բազան է երկրի արևմտյան հատվածում, այդտեղ բազավորված են 30 ռմբակոծիչներ: Այս ինքնաթիռները Ռուսաստանի միջուկային վահանի մաս են կազմում և արդեն օգտագործվել են Ուկրաինայի վրա ոչ միջուկային թեւավոր հրթիռներով հարձակվելու համար: Ռուս զինվորականները ռմբակոծիչները կհեռացնեն պահեստային բազաներ, կարծում է բրիտանական հետախուզությունը:

Lragir.am,
06-12-2022 00:54