Հայտարարվել է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթ

06-12-2022 00:50

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթ:   Կենտրոնը երիտասարդների համար ծառայելու է որպես տարբեր թեմատիկ քննարկումների, սեմինարների, դասընթացների, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների իրականացման հարթակ, ապահովելու է երիտասարդների ինտելեկտուալ ժամանցը և նրանց սոցիալականացումը: Կենտրոնի ստեղծման նպատակն է բացահայտել և զարգացնել երիտասարդների կարողությունները ոչ ֆորմալ կրթական մեթոդներով, խրախուսել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունները,  բարձրացնել երիտասարդների (այդ թվում՝ NEET կամ չսովորող և չաշխատող երիտասարդների) ներգրավվածությունը տարբեր գործընթացներում, իրականացնել պետական երիտասարդական քաղաքականությունից բխող միջոցառումներ և այլն: Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 52 մլն 644 հազար (հիսուներկու միլիոն վեց հարյուր քառասունչորս հազար՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ: Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ: Սույն մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին` առնվազն 3 տարվա երիտասարդական կենտրոնի կառավարման փորձառություն, ծրագրի աշխատակազմի փորձառություն, սոցիակալան ձեռնարկատիրական մոդելի առկայություն, կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ տարածք: Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով` մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը՝ ժամը 11:00-ն: ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Lragir.am,
06-12-2022 00:50