ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեության 30 տարիներին ավելի քան 2 միլիարդ եվրո է ներդրել 200-ից ավել ծրագրերում

06-12-2022 00:59

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը թարմացված տվյալներ է ներկայացրել Հայաստանում բանկի գործունեության 30 տարիների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՎԶԵԲ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բանկը Հայաստանում է արդեն 30 տարի՝ ներդնելով ավելի քան 2 միլիարդ եվրո ավելի քան 200 ծրագրերում, որոնցից ավելի քան 90 տոկոսը գործում է մասնավոր հատվածում: «Բանկի ներդրումների հիմնական թիրախներն են ֆինանսական ոլորտը, փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) և կայուն ենթակառուցվածքները: Բանկի ներդրումները զուգորդված են քաղաքականության ներգրավմամբ և տեխնիկական համագործակցությամբ: Միջին հաշվով, Բանկի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են տարեկան շուրջ 150 մլն եվրո : Հայաստանում իր գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ՎԶԵԲ-ը տեղական ՓՄՁ-ներին առևտրի ֆինանսավորման, մրցունակության, կանաչ և ներառական ֆինանսավորման տարբեր ծրագրերի միջոցով տրամադրում է մոտ 100 միլիոն եվրո: Կայուն ենթակառուցվածքների ոլորտում Բանկը Հայաստանի ողջ տարածքում ֆինանսավորում է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը և Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությունը: Այս ծրագրերը հիմնված են Բագրատաշենի վերջերս կառուցված կամրջի հաջողության վրա: Մայրաքաղաքում Բանկն աջակցում է քաղաքապետարանին՝ Երևանի բնակիչների համար ձեռք բերելու ժամանակակից, ավելի կանաչ և ծախսարդյունավետ ավտոբուսներ: Բանկն օգտագործում է մի շարք պրոդուկտներ՝ ուղղակիորեն աջակցելու Հայաստանի տնտեսության կարևոր դերակատարներին: Վերջին տարիներին ՎԶԵԲ-ը, ի թիվս այլոց, ֆինանսավորել է «Տելեկոմ Արմենիա», «Փիքսարտ», «Սարանիստ», «Ամբեր Կապիտալ» կազմակերպություններին:

Lragir.am,
06-12-2022 00:59