Վիտալի Բալասանյանը պիտի կամք ունենա իր անունից հայտարարելու կուլիսային պայմանավորվածությունների մասին

06-12-2022 13:16

Արցախի Ազգային ժողովի Միասնական հայրենիք խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ դնելու հավանականությունը և հանգստացրել հանրությանը, թե խաղաղապահ զորակազմի գոտի արգելված առարկաների մուտքը չթույլատրելու նպատակով ընդամենը ռենտգեն-սկաներ է տեղադրվելու: Ընդամենը, հասկանու՞մ եք: Նախ հարց է ծագում, թե անվտանության խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարի գործունեությունը սպասարկող մարմինը ի՞նչ իրավասությամբ է հայտարարություն տարածում, այն էլ՝ նման նրբանկատ հարցի կապակցությամբ: Իսկ Արցախի տեղեկատվական շտաբն ի՞նչ տրամաբանությամբ է տարածում այն: Երկրորդ․ արդյո՞ք անվտանգության խորհդի գրասենյակի հայտարարությունը պիտի հասկանալ այնպես, որ ԱՀ անվտանության խորհրդի ողջ կազմը բնավ էլ դեմ չէ Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրմանը: Եվ վերջում՝ անվտանգության խորհրդի քարտուղարը պիտի կամք ունենա իր անունից հայտարարելու կուլիսային պայմանավորվածությունների մասին, ոչ թե խոսափելու պատասխանատվությունից և գրասենյակի անունից հասարակական կարծիք ստուգելու: Պարոնա´յք, անվտանգության պատասխանատուներ, հասարակությունը պատասխաններ է ակնկալում ձեզնից:

Lragir.am,
06-12-2022 13:16