ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախումբը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լագաժե Փոուի հետ

06-12-2022 14:37

ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի անդամները դեկտեմբերի 1-ին հանդիպում են ունեցել Ուրուգվայի նախագահ Լուիս Լագաժե Փոուի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև երկրի առողջապահության նախարար Խոսե Լուիս Սաթջյանը: Հանդիպման ընթացքում Ուրուգվայի նախագահին է ներկայացվել վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքները, ինչպես նաև 2020թ․ Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրականացված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Հանրապետության նախագահն իր հերթին վստահեցրել է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ Ուրուգվայի ունեցած համերաշխ դիրքորոշումը շարունակում է մնալ այդպիսին, հատկապես՝ այս դժվարին ժամանակներում: Լուիս Լագաժե Փոուն նաև իր սատարումն է հայտնել գործադիր իշխանության և խորհրդարանի զույգ պալատների՝ Հայաստանին առնչվող դիրքորոշումներին ու որոշումներին: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Lragir.am,
06-12-2022 14:37