Իրանը չի «հիշել» Բաքվի մասին

«Ռեշտ-Աստարա» երկաթուղային հատվածի կառուցման իրանա-ռուսական համատեղ նախագծի իրականացումը կարող է տեւել ավելի քան երեք տարի, հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի փոխնախարար Ալիռեզա Փեյմանփակը: Բաքվի լրատվամիջոցները նկատում են, որ «նա մոռացել է նշել Ադրբեջանի մասին»: Հիշեցնենք, որ երկաթուղու Ռեշտ-Աստարա հատվածը վերջին հատվածն է, որն անհրաժեշտ է Ռուսաստան-Իրան Հյուսիս-Հարավ երկաթուղային գծի գործարկման համար: Իրանը երկար տարիներ հրաժարվում է ճանապարհի փոքր հատվածի կառուցումից: «Մոսկվան և Թեհրանը երկակի խաղ են խաղում. նրանք հրապարակային կոչ են անում Բաքվին արագացնել «Հյուսիս-Հարավ» երկաթուղային երթուղու գործարկումը, իսկ մասնավոր զրույցներում քննարկում են միայն ծովային փոխադրումները, որոնց հետ Ադրբեջանը կապ չունի»,- գրում են Բաքվի լրատվամիջոցները: Իրանը Ռուսաստանի հետ Ռեշտ-Աստարա ճանապարհը քննարկելիս Բաքվի մասին անգամ չի հիշատակում: Իրանում «երկու Ադրբեջանների» վերաբերյալ «քննարկումները» լուծվել են պարզ ձևով՝ եթե դրանք պետք է միավորվեն, ապա միայն՝ իրանական պետության շրջանակներում: Սակայն առավել հետաքրքիրն այն է, որ Իրանը, փաստորեն, հրաժարվում է Բաքվով Ռուսաստանի հետ ուղիղ երկաթուղային կապից՝ նախընտրելով ծովային ճանապարհը: Բաքուն Թուրքիայի հետ զորավարժություն է անցկացնում Իրանի հետ սահմանակից Աստարայում, Իմիշլիում և օկուպացված հայկական Ջրականում: Զորքերը Արաքսի վրայով կամուրջ են տեղադրում և դրա վրայով ծանր տեխնիկա տեղափոխում Իրանի ափ: Այս գործընթացին հետեւելու համար ժամանել են Թուրքիայի պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի ղեկավարը: Իրանը որոշել է «չնկատել» այս զորավարժությունները իր հազարամյա պատմության ու իրավունքի բարձունքից:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
06-12-2022 15:08