Փափուկ բարձ հայերի գլխատակին․ Ռուսական զորակազմն Արցախում մեկնարկում է իր առաքելության նոր փուլը

07-12-2022 16:31

Արցախում ռուսական կոնտինգենտի հրամանատարի հետ հանդիպումից հետո Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարել են, որ ներկայացրել են իրենց պահանջը՝ Լաչինի միջանցքի տարածքում որեւէ անցակետ չպետք է լինի, Բաքվի որեւէ վերահսկողություն չպետք է լինի: Պատգամավորներն ասել են, թե ռուսական զորակազմի հրամանատարը վստահեցրել է, որ նման բան չի լինելու: «Անդրեյ Վոլկովն ասաց, թե ռուս խաղաղապահ զորակազմը համաձայն է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրմանը, ինքը հիմնավորեց, որ իրենց աշխատանքը այդկերպ կբարելավվի, ռենտգեն-սկաների անհրաժեշտություն կա, այդ հարցը քննարկվում է, բայց նա ընդունեց, որ միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չի լինի», ասել է պատգամավոր Արթուր Մոսիյանը: Ասել, թե ռուսական կոնտինգենտի հրամանատարությունը փափուկ բարձ է փորձում դնել հայերի գլխի տակ, նշանակում է ոչինչ չասել՝ ռուսական զորակազմը մինչ այս իրականացրել է Հին Թաղեր-Խծաբերդի, Փառուխի, Բերձոր-Աղավնոյի հայաթափման եւ այդ բնակավայրերը Բաքվին հանձնելու, Լաչինի միջանցքի շրջանում Բաքվի դիրքերի տեղակայման եւ հաղորդակցությունները Բաքվին հանձնելու գործողությունները, պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի հանցավոր թողտվությամբ: Այս ամենից հետո չպետք է կասկած մնա, որ ռուսական «խաղաղապահ» զորակազմն իրականացնում է իր առաքելության՝ Արցախի հայաթափման եւ թուրքերին հանձնելու հերթական փուլը: Այն մեկնարկեց Լավրովի հայտարարությունից հետո, ըստ որ՝ հարցերը լուծվելու են Ալմաթիի հռչակագրի հիման վրա, իսկ Բաքուն երաշխավորելու է հայ բնակչության իրավունքները: Դրանից հետո խաղարկվեց «ադրբեջանցի բնապահպանների» ակցիայի, ճանապարհը մի քանի ժամով փակելու թատրոնը, որի հեռահար նպատակը Արցախ Բաքվի էմիսարների ազատ մուտքի ապահովումն է եւ Լաչինի միջանցքի վերահսկողությունը Բաքվին հանձնելը: Սարքի տեղադրումը եւ Բաքվի հետ «ճանապարհային քարտեզի քննարկումները» սկիզբն են: Սցենարն ու իրագործման սխեման նույնն է՝ հայերի գլխի տակ փափուկ բարձ դնելով, հավաստիացումներով իրագործել ծրագիրը քայլ առ քայլ, բացառելով դիմադրությունը: Պարզ ասած՝ եթե ռուսները տեղադրեցին այդ սարքը, դրան մուտք է ունենալու Բաքուն, հետո ինչ որ մեքենայով ինչ որ «արգելված առարկա» կանցնի, որը պատճառ բերելով՝ կտեղակայեն անցակետ՝ «ադրբեջանցի զինվորականներով ու այլ մասնագետներով», եւ այդպես շարունակ: Արցախը ոսկոր է Մոսկվայի ու Բաքվի կոկորդին, որի հանդեպ փորձում են հաստատել իրենց «իրավունքն» արդեն 100 տարի, ցեղասպան գործողություններով: Հայկական խորհրդարանի մի որոշումը, արցախցիների մի վճռական քայլը կարող է փոխել իրավիճակը: ՀՀ ԱԺ նախագահն Արցախի, Լավրովի հայտարարության շուրջ այսօրվա միմոսությունների փոխարեն պետք է հասկանա, որ խորհրդարանն իր անգործությամբ մեղսակցում է ռուս-թուրքական ոճրին:

Lragir.am,
07-12-2022 16:31