Հայաստանի կառավարությունն այսօր դե յուրե պարտավորություն չունի երկրաշարժից տուժած որևէ ընտանիքի նկատմամբ

07-12-2022 18:28

Հայաստանի կառավարությունն այսօր դե յուրե պարտավորություն չունի երկրաշարժից տուժած որևէ ընտանիքի նկատմամբ: Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը բոլոր քաղաքացիների նկատմամբ իր պարտավորությունները կատարել է, բացի 28 ընտանիքից, որոնք իրենք են ցանկություն հայտնել, որ իրենց հետ կապված հարցերը լուծվեն Կապսի ջրամբարի կառուցման շրջանակներում տեղի ունեցող պրոցեսզների շրջանակներում: Այսինքն՝ այս պահին Հայաստանի Հանրապետությունը դե յուրե 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման առումով  ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն: Սա կարևոր արձանագրում է»,- ասաց նա: Միաժամանակ, ըստ Փաշինյանի, կառավարություն արձանագրել է, որ տնակային ավաններն այսօր Գյումրիի զարգացման ամենամեծ խոչընդոտն են: «Եվ մեզ մոտ հարց առաջացավ՝ իսկ եթե պետությունը հիմա բոլոր քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները կատարել է, ինչո՞ւ այնտեղ դեռ շարունակում են գոյություն ունենալ տնակներ: Եվ ես խնդիր դրեցի, որ մենք պետք է ազատվենք այդ տնակներից: Բայց հընթացս մենք ստացանք դիմումներ, նամակներ, որ ժամանակին եղել է անարդարություն, պետության պարտավորությունը չի կատարվել: Այս նամակներին արձագանքելով՝ ես տվեցի հանձնարարական պարզել տնակներում բնակվող քաղաքացիների տնակներում գտնվելու հանգամանքները: Հընթացս պարզվեց, որ մարդիկ են ապրում տնակներում, ովքեր մոտակա գյուղում ունեն բնակարան: Կան տնակներ, որոնք ավերակ են, կան տնակներ, որոնք շարունակում են մնալ այն քաղաքացիների տիրապետության ներքո, ովքեր ունեն բնակարան: Այստեղ շատ կարևոր է, որ տնակներում ապրողների հետ պետության իրավահավասարությունները պարզենք՝ ո՞ւմ նկատմամբ պետությունն ունի պարտավորություն: Եթե կան այդպիսի մարդիկ, մենք երաշխավորում ենք, որ բոլոր այդ մարդկանց նկատմամբ պետության պարտավորությունը պիտի կատարվի: Եթե պարզվի, որ պետությունն ընդհանրապես ոչ մի պարտավորություն չունի, և մարդն այլ հանգամանքների բերումով է հայտնվել տնակում, այստեղ իրավական ընթացակարգեր պետք է աշխատեն: Եվ իմ դիրքորոշումն այն է, որ պետք է խիստ միջոցներ ձեռնարկել, որովհետև այստեղ խնդիրն արդեն քաղաքի զարգացման մասին է: Առանց այդ տանկային ավանի ապամոնտաժման Գյումրին իրական զարգացում չի ունենալու»,- ասաց նա:

Lragir.am,
07-12-2022 18:28