Փաշինյանը մանրամասնել է, թե ինչու չի ստորագրել ՀԱՊԿ ամփոփիչ հռչակագիրը

07-12-2022 18:42

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱՊԿ վեհաժողովում տեղի ունեցած իրադարձություններին: «Ես ուզում եմ, որ մենք հստակ լինենք, ի՞նչ է եղել մեր ակնկալիքը: Երկու բան, առաջինը՝ ֆիքսել, թե Հայաստանի Հանրապետությունում որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Սա սկզբունքային հարց է՝ ճիշտ հարաբերություններ կառուցելու համար: Երկրորդ ակնկալիքը եղել է տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալը: Սա ինչո՞ւ է կարևոր, որովհետև երբ Սոթք-Խոզնավար հատվածում դա տեղի ունեցավ, և այնտեղ մարտական գործողություններ տեղի չունեցան, այդ թվում՝ ընդդիմության գործիչներն ասում էին՝ Հայաստանի բանակը չի կռվում, դուք ՀԱՊԿ-ից եք ակնկալո՞ւմ: Հետո եկավ նոյեմբերը, երբ Հայաստանի բանակը կռվեց, հետո եկավ սեպտեմբերի 13-ը, երբ Հայաստանի բանակը կռվեց, և այդ խնդիրը դուրս եկավ: Մենք ակնկալում ենք, որ գնահատական տրվի, թե ինչ է տեղի ունեցել: Հիմա այս կոնտեքստում շեշտվում է, որ օգնության առաջարկ է եղել, և մենք հրաժարվել ենք ինչ-որ օգնությունից: Սա շատ կարևոր է պարզաբանել, որովհետև այնտեղ կա մի տող՝ Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերել օգնություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական: Նախ պարզ չէ, թե ինչ օգնություն է կոնկրետ առաջարկվում: Երկրորդ՝ այդ օգնության ընդունումն այս առանց հստակ գնահատականների կնշանակի անուղղակի և նույնիսկ ուղղակի ընդունում այն ստատուս քվոյի, որը հաստատված է մեր սահմաններում: Առանց հստակ քաղաքական գնահատականի ընդունել մոնիթորինգի առաքելություն ՀԱՊԿ-ից այդ տարածքում կնշանակի ուղղակի ֆիքսել և համակերպվել ստատուս քվոյի հետ»,- ասաց Փաշինյանը: Ըստ նրա՝ Պրահայում կողմերը հստակ արձանագրեցին միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչճակագրի հիման վրա, որից հետո հնարավոր եղավ դիտորդական առաքելության գործուղում ՀՀ: «Եթե մենք դիտորդին չենք տալիս հստակ ուղղորդում, թե որտե՞ղ է սահմանն անցնում, ինքը գալիս է ի՞նչը դիտարկի: Այսինքն՝ ԵՄ դիտորդներն այսօր գիտեն, որ կողմերն իրենք ասել են, որ Ալմաթիի  հռչակագրով ընդունված սահմանները մեր պետական սահմաններն են: Եվ նրանք գիտեն, թե ինչի հետ են հարաբերվում: Եթե ՀԱՊԿ ձևաչափով սա չի ֆիքսվում, մոնիթորինգի միսիան գալիս է ի՞նչը մոնիթորինգ անի: Գալիս է արձանագրի էն, ինչ տեղի է ունեցել, իսկ էն, ինչ տեղի է ունեցել, այդքան էլ պարզ չէ, որովհետև պարզ չէ, թե որտեղով է անցնում սահմանը, հետևաբար պարզ չէ, թե որտեղ է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Այս ամենով արդյոք անվտանգային մարտահրավերները քչացե՞լ են ՀՀ շուրջը: Ոչ, չեն քչացել: Արդոք ավելացե՞լ են: Հնարավոր է նույնիսկ ավելացել են, բայց մեր գնահատականն այն է, որ այս փաստաթղթերը եղած ձևով ընդունելու պարագայում դրանք չէին նվազելու, ընդհակառակը, շարունակելու էին աճել»,- հավելեց Փաշինյանը:

Lragir.am,
07-12-2022 18:42