ԱՄՆ կատարած այցի շրջանակում շարունակվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատանքային հանդիպումներն Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավար Թրոյ Միլլերի հետ: Հանդիպմանը փոխանակվել են մտքեր՝ մաքսային ոլորտում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն ուղղված քայլերի շուրջ: Առանձնակի կարևորվել է երկու երկրների միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխգործակցության վերաբերյալ պայմանագիր կնքելու հարցը: Կողմերը դիտարկել են նաև էլեկտրոնային հարթակների ներդրման, ռիսկերի համակարգի զարգացման և փոխադարձ գործակցության այլ ուղղությունների ընդլայման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկկողմ համագործակցության շրջանակում, համապատասխան մասնագետների համար պարբերաբար կազմակերպել փորձի փոխանակում: Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ակտիվացնելու գործուն քայլերը մաքսային ոլորտում փոխհամագործակցության ընդլայնման ուղղությամբ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին