Միրզոյանը զինաթափման փորձաքար գլորեց հայության վրա. Օրբանը պատրաստ է «թալաաթ» ուղարկել Երեւան

08-12-2022 01:15

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 07.21.22 կառավարության հետ հարցուպատասխանի ժամին երկու կարեւորագույն հայտարարություն արեց: Ստորության աստիճանով՝ միմյանց հավասար: «Արցախի հանրապետության պաշտպանության բանակի առաքելությունն այսօր, առավել քան երբեւէ, պահանջված է, քանի որ Արցախի հայության վրա շարունակում են կրակել, ճնշումների ենթարկել: Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների, գոյաբանական վտանգը, այն ժամանակ կարծում եմ՝ ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր այլ սցենարներ: Այս պահին կարող ենք արձանագրել, որ այդ գոյաբանական վտանգը կա», ասել է Միրզոյանը: Ստորություն բառը ենթադրում է անկման համար տեսական ինչ-որ վերջավորություն, հատակ, «դուխով» բառին կարոտները կասեն «դնո», որից ցած ընկնելն արդեն անհնար է: Այդ հատակը երբեմն գրեթե անհասանելի է լինում: Արդյոք ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը իրավու՞նք է տալիս Արցախի ժողովրդի փոխարեն որոշել ունենալ բանակ, թե ինչ-որ պահի չունենալ: Շեշտենք, որ խոսքը պահի ընտրության մասին չէ, այլ ինքնին՝ զինաթափման տեսական հնարավորության: Զինաթափման, սպառազինման, անվտանգության ինստիտուտները անցյալում երբեէ Արարատ Միրզոյանի մտահորիզոնի շոշափելի մաս կազմե՞լ են: Երկու բառ, երկու միտք իրար չկապող անձնավորությու՞նը պիտի նախագծի Հարավային Կովկասի հանգուցային մասի հայության ապագան: Արցախից՝ որպես ժողովրդից ու հողից ՀՀ պատասխանատվությունից հրաժարվելու նարատիվը առկա է քպ-ական խմբակի յուրաքանչյուրի ելույթներում, հատկապես՝ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսքերում: Մինչդեռ, գոյաբանական վտանգը օդից չի ընկել, այլ հենց ՔՊ քաղաքականության  հետեւանքն է: Արցախից հրաժարվելու՝ «քայլողների» ագենտուրային այս պարտավորությունն է, որ հիմք ծառայեց մոսկովյան սցենարով 2018 թվականի ապրիլի վերջին կայացած իշխանափոխության համար. հիշենք «ռեւերս չի լինելու» նիկոլական մանթրան: Մոսկվան ու Բաքուն իրենց գոյաբանական խնդիրն են լուծում՝ Արցախի հայաթափման գործողություններն արագացնելով եւ ավելի առարկայական դարձնելով: Այսպես կոչված «ադրբեջանցի բնապահպան մասնագետների ակցիայի», նրանց մուտքն Արցախ արտոնելու ճանապարհային քարտեզի համաձայնեցման եւ Լաչինի միջանցքում համատեղ անցակետի տեղադրման Մոսկվա-Բաքու տանդեմի քայլերը դրա վկայությունն են: Թիրախը Արցախի պաշտպանության բանակն է, ինչպես նաեւ տնտեսության՝ իբրեւ ժողովրդին իր հողի վրա պահող հիմքի խարխլումը եւ ոչնչացումը: Հենց դրան էլ միտված է ԱԳՆ քաղկոմիսարի եւ քպ-ական քաղբյուրոյի մյուս ներկայացուցիչների պարտավորությունը: Այլապես, ԱԺ-ն ու կառավարությունը կընդունեին իրավիճակի քաղաքական հստակ ու համարժեք գնահատականներով հայտարարություն եւ դրա հիման վրա՝ անհրաժեշտ որոշումներ: Իսկ այսպես կարելի է հայոց սակավացած հողում նորանոր պսպղան, քրդաբույր բալագաններ բեմադրել: Քպ-ական քաղբյուրոն խթանում է Արցախի հայաթափումը, չեզոքացնելով հայկական խնդիրների իրավական քննարկումների հնարավորությունները միջազգային օրինական հարթակներում: Ընդ որում դա անում է ամենաստոր ձեւով, ինչի արտահայտությունն էր Բրյուսելի հանդիպման չեղարկման ակտը Մոսկվայի ու Բաքվի պահանջով, այն էլ Էմանուել Մակրոնի անվանարկման եղանակով: Արցախի բանակը զինաթափելու հեռանկարը ուրվագծելուն զուգահեռ Արարատ Միրզոյանը խոսել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նախադրյալների մասին, թեեւ Բուդապեշտը չի վերացրել Սաֆարովի արտահանձնման հետեւանքները: Հունգարիան օգնել է վերադարձնել 5 գերի, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է նվիրել Հայաստանին, փող է տվել Հայ Առաքելական եկեղեցուն՝ ահա թե ինչ է դնում քայլած-ելած քաղկոմիսարը Հայաստանի ինքնիշխանության, արժանապատվության նժարի դիմաց: Վիկտոր Օրբանի Հունգարիան փարիհության, դարձյալ դիմենք դուխավորների բառապաշարին՝ ֆուֆլիժնիկության շեմին գտնվող Պուտինի ձեռքին եվրոպական միակ գործիքն է Ռուսաստանի լինել-չլինելու գոյաբանական խնդիրը լուծելու համար: Միրզոյանը 10 միլիոն հայ ժողովրդի արժանապատվությունը եւ կյանքը զոհաբերում է հանուն վաղը-մյուսօրը Հաագայում ամբաստանյալի: Միրզոյանի ու գործակիցների ցանկությամբ չի լինելու: Արցախը չի հանձնվելու: Քանի Սաֆարովը նստած չէ Նուբարաշենում, Երեւանում Հունգարիայի դեսպանություն չի լինելու որեւէ մակարդակով: Հայերին ողորմելի Միրզոյանով մի պատկերացրեք, հարգելի պարոն Օրբան՝ պատմությունը վկա: Գուրգեն Մարգարյանի արյունը հիմա ձեր վրա է ու չի ներվելու:

Lragir.am,
08-12-2022 01:15