ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն

08-12-2022 08:46

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւ է ընդունել, որով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները որակել է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն: Փաստաթուղթն առաջարկվել է ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական ​​կուսակցությունների սենատորների կողմից և կոչ է անում ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ կիրառել պատերազմի մեջ ներգրավված ռուսների նկատմամբ՝ որպես Մագնիտսկու ակտի մաս: Բանաձեւի հեղինակները, ի թիվս այլոց, եղել են դեմոկրատներ Բեն Քարդինը (նա գլխավորում է ամերիկյան Հելսինկյան հանձնաժողովը) և Ռիչարդ Բլումենտալը, ինչպես նաև հանրապետական ​​սենատորներ Ջիմ Ռիշը և Լինդսի Գրեմը: «Իր գործողություններով Պուտինը շատ հստակ ցույց տվեց, որ իր նպատակն է վերջ տալ ուկրաինացի ժողովրդի գոյությանը: Ես անձամբ տեսել եմ նրա դաժանության ապացույցները Իրպինում և Կիևի մարզի [այլ շրջաններում]»,- ասել է Ռիշը: Բանաձևը դատապարտում է Ռուսաստանին ուկրաինացի ժողովրդի դեմ ցեղասպանության համար: Կոչ է անում ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և եվրոպական դաշնակիցներին աջակցել Ուկրաինայի կառավարությանը՝ կանխելու Ռուսաստանի կողմից ուկրաինացի ժողովրդի հետագա ցեղասպանությունը: Աջակցում է տրիբունալներին և միջազգային քրեական հետաքննություններին՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը և զինվորականներին, ովքեր պատասխանատու են ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության համար: Կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին օգտագործել Մագնիտսկու օրենքը նրանց դեմ, ովքեր պատասխանատու են և ներգրավված են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված ցեղասպանության մեջ: Ավելի վաղ աշխարհի մի քանի երկրների խորհրդարաններ Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր էին հայտարարել, իսկ Եվրախորհրդարանը հաստատել էր նույն բանաձեւը: Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նույնպես հետաքննում է Ռուսաստանի դեմ ենթադրյալ ռազմական հանցագործությունները:

Lragir.am,
08-12-2022 08:46