Գաղտնի զորահավաքը և դրա համար կիրառվող մեթոդները Ռուսաստանում

08-12-2022 09:01

Ռուսաստանում շարունակվում է գաղտնի զորահավաքը` մոբիլիզացիան, ինչը պայմանավորված է Ուկրաինայի դեմ պատերազմում գրանցվող մեծ կորուստներով: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությանը հայտնում են մի շարք փորձագետներ: Նրանց կարծիքով, այդ ծրագրի իրականացումն ընթանում է մեծ դժվարություններով: Օրերս լրատվամիջոցներում տեղ գտան հրապարակումներ այն մասին, որ Պրիմորսկի երկրամասի կրթության նախարարության կողմից երկրամասի ղեկավարությանը ներկայացվել է պարտքեր ունեցող ուսանողներին բարձրագույն հաստատություններից հեռացնելու եւ այդ մասին զինկոմիսարիատներին տեղյակ պահելու մասին հրահանգ: Նպատակը նրանց բանակ զորակոչելն է: Նմանատիպ գործողություններ են իրականացվում ոչ միայն մարզերում, այլ նաեւ մայրաքաղաք Մոսկվայում: Ինչպես The Insider-ն է հայտնում, Մոսկվայի Լոմոնոսովի շրջանի վարչակազմի ղեկավարը պահանջել է, որ աշնանային զորակոչի համար ծանուցագրերն ուղարկվեն գիշերով: Մասնակի մոբիլիզացիա հայտարարելու Պուտինի հրամանագրի արդյունքում սկսված առաջին ալիքն ուղեկցվել էր քաղաքացիների իրավունքների զանգվածային խախտումներով: Մոբիլիզացիայի են ենթարկվել անգամ ծանր հիվանդություններ ունեցողներն ու հաշմանդամները: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ ռազմաճակատ ուղարկվելուց առաջ մի քանի տասնյակ մարդ տարբեր պատճառներով մահացել է հավաքման կետերում և ուսումնական վայրերում: Եղել են նաեւ արդեն ճակատ ուղարկվածների շարքերում ոչ թե զոհվելու, այլ հիվանդություններից մահանալու դեպքեր: ‘’Հստակ է, որ Պուտինի վարչակարգին «թնդանոթի միս» է պետք՝ այս արշավը շարունակելու համար’’, – «Ամերիկայի Ձայն’’-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասում է Կարնեգի հիմնադրամի (ԱՄՆ) ավագ գիտաշխատող Անդրեյ Կոլեսնիկովը: Նրա խոսքով, չնայած պաշտոնապես «մասնակի» զորահավաքն ավարտված է հայտարարվել, այն շարունակում է իրականացվել ‘’ստվերային եղանակով’’: «Զինկոմիսարիատները դա անում են տարբեր պատրվակներով մարդկանց իրենց մոտ հրավիրելով, օրինակ զինվորական հաշվառման տվյալները ճշտելու պատրվակով, ինչը հաճախ դառնում է ‘’մկան թակարդ’’, ասում է նա: Այս ամենը ժողովրդի շրջանում մեծացնում է լայնամասշտաբ զորակոչ սկսելու վախի զգացումը: ‘’Ռուսաստանում թաքնված մոբիլիզացիա է իրականացվում ռազմաճակատում իրավիճակը փրկելու համար, դա այլ բացատրություն չունի’’, ասում է բլոգեր, փաստաբան Մարկ Ֆեյգինը: Նա նույնպես այս գործընթացն անվանում է ‘’միս` թնդանոթի համար’’, քանի որ զորահավաքի առաջին ալիքը չտվեց սպասված արդյունք: ‘’Պաշտոնական տվյալներով՝ առաջին ալիքի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 300 հազար մարդ’’,- հիշեցնում է նա ու հավելում, որ այդ 300 հազարի դիմաց միայն հինգ գյուղ գրավելու հանգամանքը մեծ ձեռքբերում չի կարող համարվել: Ոչ ոք հիմա իրականում չի կարող ասել, թե սեպտեմբերի 21-ից հետո մոբիլիզացված քանի մարդ է արդեն սպանվել կամ մահացել: ‘’Այդ թիվը կարող է կազմել մի քանի հազար’’, ասում է ‘’Ամերիկային Ձայն’’-ի զրուցակիցը եւ նորից շեշտում այսպես կոչված ‘’հաղթանակի’’ բացակայությունը: Բլոգերը կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են զինված ուժերը ավելացնել ևս 100-150 հազարով, որպեսզի Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսեն նաեւ Բելառուսի տարածքից: Այնպես որ, նրանք, ովքեր կարողացան խուսափել առաջին ալիքից, դեռ վաղ է հանգստանալու համար: Պուտինը կանգ չի առնելու, եւ սա գիտակցում են բոլորը’’, ասում է նա: Վերլուծաբանների հաստատ համոզմամբ, իշխանություններն այժմ մտածում են ոչ թե հաղթանակի հասնելու, այլ պարտությունը հետաձգելու ուղղությամբ, երբ հեռու չեն նախագահական ընտրությունները: Ռուսաստանի իշխանությունների համար անսովոր չէ իրենց ճանապարհը վախով, հալածանքներով և ահաբեկումներով լցնելու քաղաքականությունը: Պատահական չէ, որ Պուտինն այժմ ավելացնում է ուժային կառույցների բյուջեն: Ոստիկանական կորպուսն արդեն մոտ մեկ միլիոն աշխատակից ունի: ‘’Պուտինի համար դա ավելի կարևոր է, քան սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը’’, ասում է Մարկ Ֆեյգինը: Մոբիլիզացիայից խուսափելու համար հայրենիքից արդեն հեռացել է մոտ մեկ միլիոն մարդ:

Lragir.am,
08-12-2022 09:01